ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Հայկական թան՝ զովացուցիչ և սննդարար ըմպելիք
Եթե ծրագրում եք ճանապարհորդել Հայաստան, անպայման փորձեք տեղական ավանդական ըմպելիքը՝ թանը։ Թանը ոչ միայն հայկական խոհանոցի անբաժան մասն է, այլև հյուրընկալության խորհրդանիշ:
Մածունից, ջրից և աղից պատրաստված այս ըմպելիքը ոչ միայն հիանելի կերպով հագեցնում է ծարավը շոգ օրերին, այլև շատ օգտակար և սննդարար է: Մածունը հարուստ է սպիտակուցներով, կալցիումով և օգտակար միկրոտարրերով, ինչը թանը դարձնում է հագեցնող, առողջարար և օգտակար ըմպելիք։ Այն օգնում է վերականգնել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը և մարսողական համակարգի աշխատանքը։
Թանը սովորաբար մատուցվում է սառը վիճակում, երբեմն նաև սառույցով կամ չոր անանուխով:
ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Հայկական գինիներ` թաքնված գոհար գինու սիրահարների համար
Հայաստանը աշխարհի գինեգործության ամենահին կենտրոններից մեկն է, որն ունի հազարամյակների պատմություն: Հայաստանում գինեգործությունը ոչ միայն արհեստ է, այլ մշակույթի մի մաս։
2007 թվականին Արենի գյուղի մոտ գտնվող Արենի-1 (Թռչունների) քարայրում հնագետների արշավախումբը հայտնաբերեց աշխարհի ամենահին գինեգործական համալիրը։ Այստեղ գտնված անոթները՝ գինու մնացորդներով, խաղողի կորիզներով և գինեգործական գործիքներով, կարասները ու ճմլարանը վկայում են, որ Հայաստանում գինի արտադրվել է դեռևս մ.թ.ա. 6000 տարի առաջ։ Այդ առիթով Հայաստանը 2011 թվականին ճանաչվեց գինու արտադրության հնագույն երկիր։
Ըստ Աստվածաշնչյան ավանդության՝ Նոյը, իջնելով Արարատ լեռից, տնկել է առաջին որթատունկը՝ հիմք դնելով գինեգործության ավանդույթին Հայաստանի տարածքում։ Հույն պատմիչներ Հերոդոտոսը, Քսենոփոնը և Ստրաբոնը հիշատակում են, որ հայկական գինիներն ու ոգելից խմիչքները հնուց արտահանվել են հարևան երկրներ՝ իրենց բարձր որակի շնորհիվ: