ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ

Եթե երեկոյան Ձեզ անհրաժեշտ է հանգստանալ, վայելել սիրելի ըմպելիքը և մոռանալ կենցաղային գործերը, ապա Երևանը, բացի հարուստ մշակույթային կյանքից և համեղ խոհանոցից, Ձեզ կապահովի հաճեիլ ժամանցով: Երիտասարդների գիշերային կյանքը հիմնականում անցնում է բարերում և փաբերում է, որտեղ Դուք կարող եք համտեսել տեղական համեղ գարեջուր, գինի և զովացուցիչ ըմպելիքներ:
Երևանյան բարերն ու փաբերը հիմնականում գտնվում են քաղաքի փոքր կենտրոնում՝ Փարպեցի, Պուշկին, Սարյան և Թումանյան փողոցներում՝ «Բարերի և փաբերի թաղամասում»: Փաբեր և բարեր կան նաև Կասկադի հարակից տարածքում և Աբովյան փողոցում։ Քանի որ օբյեկտները միմյանց մոտ են գտնվում, մեկից մյուսն անցնելով, վստահաբար կգտնեք Ձեր ճաշակին համահունչ վայր: Օտարերկրացիներին ամենուր շատ ջերմ են դիմավորում, և յուրաքանչյուր օբյեկտ ունի անգլերեն լեզվով ճաշացանկ:
Երևանում փաբերն ավելի տարածված են, քան գիշերային ակումբները: Փաբերը հարմարավետ են, աշխույժ և միշտ մարդաշատ և միաժամանակ անվտանգ։ Ի դեպ, ծխելը Երևանի բոլոր փակ տարածքներում արգելված է։ Փաբերն ու բարերը բաց են ամբողջ գիշեր՝ ապահովելով տեղական և միջազգային դիջեյների տարբեր ժանրերի որակյալ երաժշտություն:
Հեշտ է հայտնվել «Բարերի և փաբերի թաղամասում», սակայն դժվար է թողնել այն: Բարի՜ ժամանց:
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Խաշ
Խաշը հեղուկ տաք ապուր է, հնագույն հայկական ուտեստներից մեկը։ «Խաշ» անվանումը առաջացել է հայերեն «խաշել» բառից, նույն բառից են առաջացել նաև այլ կերակրատեսակների անվանումները (խաշլամա, խաշու, խաշիլ)։ Հայ գրականության մեջ արգանակը «խաշոու» կամ «խաշոյ» անվանումով հիշատակվում է 11-րդ դարից, առաջին անգամ՝ Գրիգոր Մագիստրոսի կողմից «Ջերմանց մխիթարություն» աշխատության մեջ։
Խաշ պատրաստելը մի ամբողջ ծես է, երբ տղամարդիկ հավաքվում են երեկոյան և ամբողջ գիշեր եփում են ուտեստը ցածր կրակի վրա։

ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Հայկական կոնյակ
Հայկական կոնյակը պատրաստվում է Արարատյան դաշտում աճեցված ընտիր խաղողից։ Այս թունդ ալկոհոլային խմիչքը պատմականորեն հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակով, անհավատալի համով և լավագույն ավանդույթներով: Հայաստանում կոնյակի արտադրության համար հիմնականում օգտագործում են հայրենի խաղողի էնդեմիկ տեսակները: Պայմանավորված կոնյակի տարիքով և տեսակով, հայկական կոնյակները բաժանվում են երեք մասի. սովորական, տեսակավոր և կոլեկցիոն։ Կոլեկցիոն կոնյակները ամենաթանկն են, դրանք արտադրվում են տեսակավոր կոնյակներից, որոնք լրացուցիչ հնեցվում են առնվազն երեք տարի՝ կաղնուց պատրաստված տակառներում։ Կոլեկցիոն կոնյակները պահպանում են տեսակավոր կոնյակների անունները։
