ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Lavash» ռեստորանը ստեղծվել է «Գյուղից՝ սեղան» (farm to table) հայեցակարգի շրջանակում: 2017 թվականին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը սկսեց համագործակցություն ֆերմերային տնտեսությունների հետ՝ նպատակ ունենալով անհրաժեշտ արտադրանքը մթերել հենց գյուղացիներից, դրանք պահանջված դարձնել ռեստորանային բիզնեսում և ռեստորանին ու հաճախորդին մատակարարել թարմ և որակյալ բնական մթերք:
Թարմ գյուղատնտեսական արտադրանքը ոչ միայն ռեստորանի համար է նախատեսված, այլև հասանելի է «Lavash» ռեստորանի խանութի հաճախորդների համար, որտեղ այժմ արդեն ներկայացվում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության սեփական ֆերմաների արտադրանքը:
Ջերմ ու հյուրընկալ մթնոլորտով ռեստորանն իր հյուրերին է առաջարկում հայկական ազգային-ավանդական, ինչպես նաև տարածաշրջանային սիրված ու հայտնի ուտեստներ՝ պարբերաբար թարմացվող ու բազմազան ճաշացանկով։
«Lavash»-ը հայտնի է իր նախաճաշերով: Ռեստորանի ճաշացանկում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայկական ավանդական և սննդարար նախաճաշը։ Տարբեր բաղադրիչներով լավաշի բրդուճը՝ թարմ կաթնամթերքով, չրերով, չամիչով ուտեստները, հալվան, մուրաբան, թեյը, մրգերն ու «Lavash»-ի այցեքարտը դարձած հատուկ բաղադրատոմսով պատրաստված քաղցրեղենը:
Ռեստորանի առաջին հարկում թոնիրն է, որտեղ թխվում է հայկական լավաշը: Այստեղ կարող եք հետևել թխման գործընթացին և ձեռք բերել թոնրի տաք հաց ու գաթա: