ԵՐԵՎԱՆ
Երկար տարիներ հայտնվելով պատերազմող տերությունների «թատերաբեմում», Երևանը 1918թ․ մայիսի 28-ին մայիսյան հաղթական հերոսամարտերի՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի արդյունքում, ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունենալուց հետո, քաղաքը վերջապես, դարձավ նորանկախ Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք։ Շատ տուտով հայ մշակույթի կենտրոն Երևանն իր անկախությունը նշանավորեց արագընթաց շինարարությամբ և բնակչության աճի տեմպերով: Հայտնվեցին նոր փողոցներ ու պողոտաներ, շինություններ ու հրապարակներ։ Երևանի բնակչությունն աճեց նաև հայ գաղթականների հոսքի արդյունքում։ Փաստորեն, Երևանի բնակչությունը նախորդ 100 տարիների ընթացքում աճեց գրեթե 10 անգամ և այսօր գերազանցում է 1 միլիոնը։
Երևանն օրեցօր ձևավորվում և գեղեցկանում էր: 1920-1921 թթ.-ին մեծ աշխատանք կատարվեց արտադրական ձեռնարկությունները գործի գցելու, սովին ու համաճարակին վերջ տալու, դպրոցները բացելու, ջրմուղը կարգի բերելու, փողոցներն ու հրապարակները մաքրելու համար։ Հանրապետության ղեկավարության հրավերով Հայաստան տեղափոխվեցին և Երևանում բնակություն հաստատեցին նկարիչ Մարտիրոս Սարյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և շատ ուրիշներ։ Թամանյանին վիճակված էր Երևանի նոր հատակագծի նախագծումը։
1921թ. կազմակերպվեց «Արարատ» տրեստը, որը միավորեց գինու-կոնյակի արտադրության ձեռնարկությունները։ Երևանում բացվեցին թատրոններ, կինոստուդիա, համալսարան, բազմաթիվ արվեստագետներ հիմնեցին խմբակներ ու միություններ։ 1926–1927թթ. գործարկվեցին մի շարք գործարաններ ու ֆաբրիկաներ։ 1932թ. բացվեց Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, 1933թ.-ից սկսած՝ պոլիտեխնիկական, թատերական, կոնսերվատորիայի, մանկավարժական և այլ ինստիտուտներ։
Չնայած բեկումնային փոփոխություններին, պատմությունը Երևանում շարունակում է ապրել: Հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահպանվում են միջնադարյան գրքեր և ձեռաքրեր, իսկ մ․թ․ ա․ 782թ․ կառուցված Էրեբունի ամրոցի ավերակները և այլ պատմամշակութային կոթողներ մշտապես հասանելի են այցելուներին:
Ելակետ ընդունելով Էրեբունի ամրոցի հիմնադրման տարեթիվը՝ Երևանը, փաստորեն, 29 տարով մեծ է Հռոմից, ու չնայած տարիքին, այն ժամանակակից քաղաք է: Թեև Երևանի ներկայիս տեսքը ձևավորվել է ընդամենը 20-րդ դարի կեսերին՝ խորհրդային շրջանում, սակայն քաղաքն ունի հայկական բնավորություն ու ոգի։ ԽՍՀՄ ողջ տարածքում լայն տարածում գտած, այսպես կոչված, «համընդհանուր սովետական ոճի» ժամանակ հայ ճարտարապետներին հաջողվեց վերակենդանացնել հայկական միջնադարյան ճարտարապետության ավանդույթները՝ շենքերի ճակատներին տալով առանձնահատուկ, յուրօրինակ ոճ։ Շնորհիվ հանճարեղ վարպետների աշխատանքի, նույնիսկ խորհրդային կարևոր իրադարձությունները հիշատակող քանդակներն ունեին ազգային առանձնահատկություններ: Անհնար է սակայն չնկատել, որ ԽՍՀՄ-ի գոյության վերջին տասնամյակներում Երևանի տարբեր թաղամասերում՝ հիմնականում կենտրոնից դուրս, կառուցվել են նաև տիպիկ սովետական ոճով շենքեր:
1991թ.՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, Երևանը դարձավ անկախ Հայաստանի Երրորդ Հանրապետության և ներկայիս մայրաքաղաքը:
Երևանի բնակիչները հիմնականում խոսում են երևանյան բարբառով, որի հիմքը դասական հայերենն է։ Բայց նկատելի է պարսկերենից և ռուսերենից փոխառությունների ազդեցությունը, ինչը բնական է, հաշվի առնելով դարերով առանց պետականության մնալն և ազգերի համատեղ կացության տարիները:
Յուրաքանչյուր քաղաք ունի աշխարհագրական իր առանձնահատկությունները:
Բիբլիական Արարատ լեռը կարելի է տեսնել Հայաստանի շատ վայրերից, իսկ ամենաշքեղ տեսարանները բացվում են հենց Երևանից։ Հսկա և խորհրդավոր Արարատը կատարյալ է տարվա ցանկացած եղանակին։ Դժվար է բառերով փոխանցել այն հույզերը, որոնք մարդն ապրում է՝ ուսումնասիրելով լեռան յուրաքանչյուր կնճիռը և աննաման ճերմակ գագաթները։ Դա պարզապես պետք է զգալ: Երևանի հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի մտահաղացմամբ ողջ քաղաքը, կարծես, դեմքով շրջված է դեպի լեռը և դիմավորում է նրան:
Արարատը հայության համար պարզապես բնության հրաշք չէ: Այն խորհրդավոր իմաստ ունի: Հայերի համար սուրբ Արարատը երկրի պահապանն է, գաղափարի պահապանը, նպատակների և երազանքների պահապան է: Երջանկության պահերին լեռը ժպտում է քաղաքին, իսկ ծանր օրերին պաշտպանում՝ իր գերող ուժով միավորելով թե՛ հայրենիքում ապրող, թե՛ աշխարհով մեկ սփռված հայերին՝ հավաքելով նրանց իր սրբազան ստորոտում նիրհող Արարատյան դաշտավայրում՝ արևափայլ Երևանում: