ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Պանրխաշ
Պանրխաշը հայկական խոհանոցի ամենահնագույն և ավանդական ուտեստներից մեկն է: Այն պատրաստվել է գրեթե բոլոր գավառներում, մեզ է հասել հատկապես Մշո խոհանոցից: Թեպետ պատրաստման եղանակը պարզ է, բայց ուտեստը չափազանց հագեցնող է և յուրահատուկ խորհրդով: Նրա անունը կազմված է բաղադրիչների և պատրաստման ձևի համադրությունից։ Պանրխաշի հիմնական բաղադրիչներն են՝ լավաշը, չեչիլ պանիրը, սոխը, անարատ յուղը, եռացրած ջուրը։
Տարբեր գավառներում ուտեստը պատրաստվել է տարբեր ձևերով. թել պանրով կամ հորած պանրով, երբեմն չոր լավաշով կամ հնեցրած հացով: Որոշ վայրերում ավելացրել են սոխառած, կարմիր պղպեղ, սխտոր, նույնիսկ ձու: Անկախ պատրաստման եղանակից՝ պանրխաշը գրեթե բոլոր ժամանակներում կրել է ուտեստի ճաշակման հավաքական խորհուրդը։
ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Մրգային կոմպոտ՝ քաղցր և թարմացնող համ
Մրգային կոմպոտը թարմացնող և անուշաբույր ըմպելիք է, որը սերնդեսերունդ վայելում են հայերը։ Այս քաղցր ըմպելիքը պատրաստվում է տարբեր մրգերից՝ ծիրանից, կեռասից, սալորից, դեղձից և այլն։ Հայաստանում մրգային կոմպոտ պատրաստելու ավանդույթը ձևավորվել է հնագույն ժամանակներից։ Մրգային կոմպոտը թույլ էր տալիս վայելել արևահամ մրգերի քաղցրությունը ողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր ընտանիք ուներ իր գաղտնի բաղադրատոմսը՝ կախված տարածաշրջանից և նախընտրած մրգերից։
Այսօր էլ հայկական մրգային կոմպոտը պատրաստվում է նույն ավանդական եղանակով՝ թարմ մրգերը եփելով շաքարով և ջրով: Նրա հարուստ համը և մրգերի բնական բույրը այն դարձնում են ընտանեկան սեղանի անբաժանելի մասը։ Այն անփոխարինելի է տոնական հավաքույթների ժամանակ։