ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՇԵՆՔԸ


1902 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.206.7

Նախագծի հե­ղինակ՝ Վասիլի Միրզոյան, Ն. Կիտկին

Երրորդ հարկը՝ Նիկողայոս Բունիաթյան

Շենքը գտնվում է Արամի և Եզնիկ Կողբացու փողոցների անկյունում՝ Արամի փողոց, 54 հասցեում:

Պետական դրամատան երևանյան բաժանմունքը բացվել է 1893 թ. հոկտեմբերի 7-ին, կայսերական Ռուսաստանի ֆինանսների մինիստրության որոշմամբ: Շենքի շինարարու­թյան համար հողահատկացման հարցը լուծվել է 1899 թ. մարտին: Շինարարությունն ավարտվել է 1902 թ.:

1918 թ. երևանյան բաժանմունքը, կայսրության նմանօրինակ մյուս հաստատությունների նման, լիկվիդացվել է: 1918-1920 թթ. այն Հայաստանի առաջին հանրապետության պետական դրամատունն էր: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920-ական թթ. անցել է ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմատի ենթակայության տակ: 1930-ական թթ. վերակառուցման ժամանակ ավելացվել է շենքի երրորդ հարկը (ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան) և երկարացվել են թևերը երկու փողոցների ուղղությամբ: Կենտրոնական ճակտոնը հեռացվել է, կողային ատտիկաները բարձրացվել են երրորդ հարկի մակարդակից վերև և այլն: Նոր մասերը կառուցվել են նույն շինանյութով, հին ձևերի հետ համաչափության մեջ, դեկորատիվ հարդարանքի պարզեցմամբ: 1960-ական թթ. վերակառուցման արդյունքում հատակագիծն ստացել է անհամաչափ П-աձև տեսք, որում հին շենքը դարձել է նրա ձախակողմյան թևը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից, երբ շենքում տեղավորվեց հոսպիտալը, պետական դրամատունը վերածվեց հիվանդանոցի (քաղաքային երկրորդ հիվանդանոց և պոլիկլինիկա, այժմ՝ թիվ 2 բուժմիավորում):

Երևանյան սև տուֆից կառուցված շենքը երկհարկ է, П-աձև հատակագծով: Գլխավոր մասնաշենքը երկայնական կողմով դիրքորոշված է դեպի Արամի փո­ղոց (69.7 մ), իսկ մյուս կողմով, հատող աջ թևի հետ միասին՝ դեպի Կողբացու փողոց (42.8 մ): Սենյակներն ունեն երկշարք դասավորություն և իրարից բաժանված են միջանցքով: Հիմ­նական ծավալում սենյակների լայնությունը 6.3 մ է: Բարձակային պատշգամբները դիր­քո­րոշված են դեպի փողոց: Գլխավոր մուտքը Արամի փողոցից է: Մուտք կա նաև Կողբացու փո­ղոցից: Առաջին հարկի պատուհաններն ուղղանկյուն են, երկրորդ հարկում՝ կիսաշրջանաձև: Հիմնականում ուշադրություն է դարձված փողոցահայաց ճակատների մշակմանը: Հետաքրքիր են Արամի փողոց դիրքորոշված բարձակային պատշգամբները, որոնք հենվում են կողային մասերում գլխաքանդակներով փայտե նեցուկների վրա: Պատշգամբները սկզբ­նապես ունեցել են հորիզոնական ձգագոտի­ներով վանդակներ, որոնք հետագայում փոխարինվել են մետաղե ցանցկեն վանդակներով:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Արամի փող. 54