ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՄԻԽԱՅԻԼ ՖՈՆ ԴԵՐ ՆՈՆՆԵԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆԸ
1898 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.203.7.1
Նախագծի հեղինակ՝ Երևանի նահանգային ինժեներ Միխայիլ Ֆոն դեր Նոննե
Երևանյան սև տուֆով կառուցված տունը գտնվում է Հանրապետության փող. 30 (1) հասցեում՝ Տիգրան Մեծ պողոտայի հետ հատման անկյունում: Կից է Ֆոն դեր Նոննեի առաջին տանը:
Տան նախագիծը հաստատվել է 1898 թ. հունվարին: Կառուցվել է նույն տարում: 1899 թ. շենքը կրոնական կարիքների համար հանձնվել է Պոլտավյան գնդին: Կցաշենքում գործել է նահանգական տպարանը:
1916 թ. Ֆոն դեր Նոննեի տները վաճառվել են Ալեքսանդր և Արտավազդ Ազիզյանցներին: 1923 թ. ազգայնացվել են, որից հետո այս տունը տրվել է ռազմական գերատեսչությանն ու հայկական դիվիզիայի շտաբին (մինչև 1937 թ.): Շենքում 1922-1923 թթ. աշխատել է Հայկ Բժշկյանը:
Շենքը Г-աձև հատակագծով (16.3 x 11.4 մ), նկուղով, երկհարկ կառույց է: Գլխավոր մասնաշենքում ներքին տարածությունը բաժանվում է միջանցքային համակարգով: Սենյակներն ուղղված են դեպի հյուսիս-արևմուտք (փողոց) և հարավ-արևելք (բակ): Միջանցքը հաղորդակցվում է Ֆոն դեր Նոննեի հարևան առաջին տան հետ: Երկրորդ հարկի բարձակային պատշգամբը դիրքորոշված է դեպի փողոց: Հյուսիսարևմտյան ճակատը թեթևակի արտահայտված ուղղաձիգ ջլատումներով բաժանված է 3 մասի: Հորինվածքային լուծումը համաչափ է, ելուստները ուժեղացված են պսակող քիվի վերևի ճակտոններով: Համաչափությունն ընդգծվում է մետաղե ծակոտկեն վանդակով կախովի պատշգամբով: Բոլոր բացվածքները (առաջին հարկում՝ ուղղանկյուն, երկրորդ հարկում՝ թաղակապ, կիսաշրջանաձև) մշակված են կոպտատաշ քարով: Երկրորդ հարկի լուսամուտների տակ խորշեր են, առաջին հարկում՝ քառանիստ պրիզմայաձև քարեր: Հորինվածքն ավարտվում է տրամատված քիվով: Ծածկը հարթ է, փայտե հեծաններով, նկուղներում քարե թաղեր են: Տանիքը թեք է, թիթեղից:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Հանրապետության փող. 30 (1)