ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ- ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱԿԱՅԱՆ
XIX դ. երկրորդ կես - XX դ. սկիզբ
Պետ. ցուցիչ՝ 1.6.76.2
Գտնվում
է Հրազդան գետի ձախ ափին՝ նախկին Երևանի բերդի տարածքում։ 1827 թ. հոկտեմբերի 1-ին
Երևանի բերդը գրավելուց հետո ռուսական զորքերը այն որոշ ժամանակ օգտագործել են որպես
կայազոր։ Բերդը որպես ռազմական ամրություն պաշտոնապես վերացվել է 1864 թ., սակայն կայազորը՝
որպես ռազմավարական հենակետ և ճանապարհային հանգույցի վերահսկիչ կենտրոն, պահպանվել
է։
Սկզբնական
շրջանում բերդի որոշ կառույցներ շարունակել են օգտագործվել, իսկ 1850–1880-ական թվականներին
դրանք աստիճանաբար քանդվել են և փոխարինվել ռուսական կայազորի կարիքներին ծառայող նոր
շինություններով՝ բնակարանային, զինվորական, ուսումնական և այլ նպատակներով (XIX դարի
երկրորդ կես – XX դարի սկիզբ)։ 2018 թ. ռուսական զորանոցային համալիրի շահագործումը
դադարեցվել է։
Զորանոցային
համալիրի մուտքը գտնվում է հյուսիսային պահակակետի կողմից։ Համալիրը ներառում է ընդարձակ
շարահրապարակ, ջրավազան, լողավազան և պուրակ։ 1990-ական թվականներին այստեղ տեղադրվել
են Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված «Մահապարտ արծիվ» և Հատուկ
ջոկատների նահատակներին նվիրված հուշակոթողները։
Համալիրը
շրջապատված է պարիսպներով և ներառում է շուրջ երկու տասնյակ շենք։ Դրանցից երկուսը
երկհարկ են, մնացածը՝ միահարկ։ Շենքերը, տեղակայված լինելով որոշակի հեռավորությամբ
և ունենալով ուղղանկյուն հատակագծեր, ծառայել են որպես զորանոցներ, զինամթերքի և սննդամթերքի
պահեստներ, շտաբ, ակումբ, հիվանդանոց, ճաշարան և այլ նպատակների։
Բոլոր
շինությունները ունեն արտաքին ճակատների միանման ճարտարապետական լուծումներ և կառուցված
են գորշ, սև և դարչնագույն սրբատաշ տուֆի համադրությամբ։