ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՊԱՐԹԵՎ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ


1931, 1936-1939


Պետ. ցուցիչ՝ 1.6.82

Ճարտարապետներ՝ Նիկողայոս Բունիաթյան, Մարկ Գրիգորյան


Գտնվում է Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում:

ՀԽՍՀ կառավարության որոշմամբ 1931 թ. Երևանում ստեղծվեց «Մայրության և մանկության պահպանության ինստիտուտը», որը 1937 թ. վերանվանվեց «Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ», իսկ 1989 թ.՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»: Երևանցիների շրջանում հայտնի է «Մարգարյան հիվանդանոց», «Մարգարյան ծննդատուն» անուններով: Կրել է նախ՝ Նադեժդա Կրուպսկայայի, ապա՝ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Պարթև Մարգարյանի անունը:

Ծննդատան շենքն սկսել են կառուցել որպես ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի շենք, սակայն Լենինի (այժմ՝ Հանրապետության) հրապարակում Կառավարական 1-ին տան կառուցման հետ կապված, նրա շինարարությունը սառեցվել է քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակ, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից։ 1932 թ., այնուամենայնիվ, նախագիծը հաստատվեց, և կառուցվեց հիվանդանոցի (100 մահճակալով) առաջին հարկը, որը շատ առումներով որոշեց շենքի արտաքին տեսքը։ Արդեն կառուցված ցոկոլային հարկի վրա, 1935 թ. ճարտարապետ Մարկ Գրիգորյանի կազմած նախագծով սկսվեց ծննդատան շինարարությունը:

Շենքն ունի համաչափ լուծում: Կողային զույգ մասնաշենքերը միավորվել են կիսաշրջանաձև ծավալի միջոցով, որը գերիշխում է ծավալատարածական ընդհանուր լուծման մեջ: Այդ մասն ունի դուրս եկող ստորին հարկ, որտեղ ստեղծվել է գլխավոր մուտքի եռակամար բացվածքը, և 2-րդ ու 3-րդ հարկերի ետ ընկած հնգանիստ ծավալ՝ ռոտոնդայի տեսքով: Ամբողջ ծավալը պսակված է քիվով, որը շարունակվում է կողային թևերում: Բակի կողմից կառուցվել են առանձին շինություններ: Արամի փողոցի կողմից պատին ամրացվել են քանդակային հորինվածքներ:

Երևանի առաջին խոշոր ծննդատներից է:


Մաշտոցի պող. 22