ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


1956-1978 թթ.


Պետցուցիչ՝ 1.6.96.3

Ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան

Գտնվում է Հանրապետության հրապարակի հարավարևելյան մասում՝ Տիգրան Մեծ պողոտայի և Վազգեն Սարգսյան փողոցի կողմից:

Շենքի ճարտարապետներն են Մարկ Գրիգորյանը և Էդուարդ Սարապյանը: Նախագծման և շինարարության աշխատանքներին մասնակցել են նաև ճարտարապետ Ա. Ա. Ղազարյանը և կոնստրուկտոր Բ. Ա. Դանոյանը:

Ներքին յուրահատուկ գործառնական ճարտարապետական լուծումներով երկու ինքնուրույն շենքեր են: Հրապարակի ճարտարապետական միասնության նկատառումով հրապարակին ուղղված դրանց ճակատները վերակառուցվել և մշակվել են՝ որպես ճարտարապետական ու գեղարվեստական միասնական հորինվածք: Արհմիությունների շենքը և Կապի տան վերակառուցված շենքը նախագծվել են ինքնուրույն, սակայն լուծված են դեպի հրապարակ դուրս եկող համաչափ ճակատներով և միավորված են 14 մ բարձրությամբ կամարով, որի միջոցով բացվում է Արարատ լեռան տեսարանը (հետագայում տեսարանը փակվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով Ագաթանգեղոսի փողոցի վրա, «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի դիմաց 11-հարկանի բնակելի շենքի կառուցման պատճառով):

Արհմիությունների շենքի ձախակողմյան հատվածում Կենտրոնական փոստն է: Նախկին ոչ մեծ երկհարկանի շենքը 1920-ական թթ. սկզբին քանդվել և տեղում կառուցվել է նորը: 1935 թ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով այն վերակառուցվել և հետագայում ընդգրկվել է 1956 թ. կառուցված միասնական շենքի հորինվածքում:

Շինանյութը Անիի սրբատաշ տուֆն է: Չափերն են. բարձրություն՝ 25 մ, ճակատների երկարություն՝ 216 մ, աղեղնաձև մաս՝ 78 մ, լայնություն՝ 76 մ

Արհմիությունների տան և կապի նախարարության շենքը կարևոր դեր ունի Հանրապետության հրապարակի ձևավորման գործում: «Արմենիա» հյուրանոցի հետ մեկտեղ, որը կառուցված է համանման սկզբուն­քով, կազմում է առանձին խումբ և հրապարակի մեծ առանցքով բաժանվում է կառավարա­կան շենքերի խմբից:         

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Հանրապետության հրապարակ