ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


1927


Պետ. ցուցիչ՝ 1.6.56
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

Գտնվում է Պուշկին փողոցում:

1930-ական թթ. շենքը պատկանել է ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին։ Շենքի նկուղներում իրենց վերջին օրերն են անցկացրել հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հետագայում այստեղ գործել է Անդրեյ Ժդանովի անվան ռուսական մանկավարժական ինստիտուտը, ապա՝ Արտակարգ իրավիճակների վարչությունը։

Հատակագիծը երեք հարկերում ունի միանման միջանցքային լուծում։ Եզրային թևերում տեղադրված են աստիճանավանդակները։ Սենյակների լուսավորությունն իրականացվում է արևելյան և արևմտյան ճակատներից։ Գլխավոր՝ դեպի փողոց նայող ճակատը, դիրքորոշված է արևելք և ունի ճարտարապետական համաչափ լուծում։ Եզրային թևերն ընդհանուր հարթությունից փոքր-ինչ առաջ են բերված, և դրանց անկյուններում տեղադրված են մուտքերը։ Ճարտարապետական լուծման կարևոր տարրեր են ուղղանկյուն և բազմանկյուն փոքր պատշգամբներն ու ուղղանկյուն բացվածքները։

Շենքի չորրորդ հարկն ավելացվել է ավելի ուշ։ Մասնակի պահպանվել են ճակատները, և կցակառուցվել է նոր բարձրահարկ շենք։

Շենքի հիմքի երկու շարքերը կոպտատաշ բազալտից են, իսկ որմնասյուները, պատուհանների փականներն ու տրամատված քիվը՝ սև սրբատաշ տուֆից։ Մնացած հատվածները սվաղված են։


Պուշկինի փող. 25