ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԹԵՅՇԵԲԱԻՆԻ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ (ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ)


Կարմիր բլուր հնավայրը Հայաստանի ամենահայտնի և կարևորագույն հուշարձաններից է: Այն Հայաստանի առաջին ուսումնասիրված՝ ուշ բրոնզեդարյան վաղ երկաթի դարաշրջանների հուշարձանախումբն է, որն ունի առանցքային նշանակություն ուրարտագիտության զարգացման գործում:


Պետ. ցուցիչ՝ 1.11.22
Հիմնադիր՝ Վանի թագավոր Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645)
Մ.թ.ա. 13-9 դարեր, 7-6 դարեր

Թեյշեբաինի քաղաքատեղին Երևանի հարավարևմտյան մասում է` Հրազդան գետի հարավային (ձախափնյա) սարավանդին` Վերին Չարբախի և գործող գերեզմանատան մոտ: Տեղի նախաուրարտական ամրոցը Երևանի տարածքի կարևորագույն բերդշեններից է, որտեղ մարդը բնակվել է դեռևս մ.թ.ա 13-րդ դարում:

Մ.թ.ա. 7-րդ դ. կառուցված բերդաքաղաքն Արգիշտի Ա արքայի որդի Ռուսա Բ-ն (մ.թ..ա 685-645) անվանել է Թեյշեբաինի՝ ուրարտական պանթեոնի ամպրոպի և ռազմի աստված Թեյշեբայի անունով:

Պեղումները փաստում են, որ Կարմիր բլուրի տարածքում ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի հնագույն բնակատեղին կառուցված է Հրազդանի ձախափնյա, բարձրադիր հրվանդանի վրա, որտեղ կյանքը սկիզբ է առել մ.թ.ա. 13-11-րդ դարերում և գոյատևել մինչև մ.թ.ա.  9-րդ դարը: Բերդաքաղաքը կառուցվել է Արարատյան դաշտի ուրարտական կենտրոն Էրեբունիին փոխարինելու նպատակով: Կործանել են սկյութները կամ մարերը՝ մ.թ.ա. 630-600 թթ.: Հետագայում՝ աքեմենյան և վաղ հելլենիստական ժամանակաշրջաններում (մ.թ.ա. 6-3-րդ դդ.), քաղաքատեղիի տարածքը վերածվել է դամբարանադաշտի (մ.թ.ա. 6-րդ դ. վերջ  մ.թ. 3-րդ դ.), որտեղ հայտնաբերված թաղումները հիմնահողային կամ սալարկղային են: Դամբանախցերի կառուցման համար օգտագործվել են նաև ուրարտական շինությունների որմնաքարերը: Հանգուցյալները հիմնականում թաղվել են կծկված` կողքի վրա պառկած, կամ նստած դիրքերով: Միջին դարերում՝ (12-13-րդ դդ.) բլրի գագաթին հիմնվել է եկեղեցի՝ դաստակերտով: 18-րդ դ. մի ձեռագրում Կարմիր բլուրն անվանվում է «Կավակերտ»:

Հուշարձանի պեղումներն սկսվել են 1939 թ. և որոշ ընդմիջումներով շարունակվել են 

մինչ օրս: Մշակութային շերտերի հզորությունը մոտ 4 մ է: Հայտնաբերվել են տարբեր կավանոթներ և բեկորներ, բրոնզե և երկաթե զենքեր (նիզակների ծայրակալներ և դաշույններ), ապարանջաններ, ուլունքներ, գարու մնացորդներ, կովի, այծի, խոզի, ձիու, ավանակի ոսկորներ, դրամներ և այլն: Ուշագրավ է Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամը: 

Բնակելի թաղամասը (մ.թ.ա. 12-11-րդ դդ., 7-6-րդ դդ., պետ. ցուցիչ՝  1.11.22.1) տարածվում է միջնաբերդից արևմուտք: Գլխավոր փողոցի (լայնությունը՝ 6 մ) երկու կողմում պեղումներով բացահայտվել են միմյանց կից կամ առանձին կառուցված, մ.թ.ա. 7-6-րդ դդ. թվագրվող բնակելի տներ՝ Նշանավոր ուրարտացու տունը, սեկցիոն տունը, մեգարոնատիպ տունը: Տները եղել են վերգետնյա՝ կառուցված գլաքարերից, քարաբեկորներից` խճի և կավի լիցքով պատրաստված հարթակների վրա: Բաղկացած են եղել մեկ ընդարձակ և 5-6 փոքր սենյակներից: Ծածկի համար օգտագործել են փայտը, եղեգը: Մեծ սենյակներում հայտնաբերվել են օջախներ, ցորենի մեծ հորեր և քարե մարդակերպ կուռքեր: Բացահայտվել են նաև աղքատիկ խրճիթների մնացորդներ, որոնք Վանի թագավորության տիրապետության վերջին շրջանի կառույցներ են, երբ վերնախավը լքել է քաղաքը:

Մ.թ.ա. 7-5-րդ դդ. թվագրվող միջնաբերդը (պետ. ցուցիչ՝ 1.11.22.2) հարթ սարահարթի ձորաբերանին է, բլրակին: Պայտաձև հատակագծով, իրար հարող նեղ ու երկար, փոքր և միջին չափերի 40 սենյակից բաղկացած շինություն է, որի ծայրերը միացվել են հզոր պարսպով՝ ստեղծելով բակ: Անկյուններում, ինչպես նաև՝ պաշտպանության համար կարևոր տեղերում կառուցվել են զանգվածեղ, ուղղանկյուն աշտարակներ: Ունեցել է երկու դարպաս. հիմնական (հարավային) և փոքր (հյուսիսարևմտյան): Միջնաբերդի կենտրոնական և մասամբ՝ արևելյան հատվածները երկհարկանի էին: Վերին հարկի չնչին մասն է պահպանվել: Հատակը կազմված է աղյուսի և կավասվաղի հաջորդական մի քանի շերտից, իսկ ստորին հարկի գինու մառաններինը, որտեղ պահվել են 350-1300 լ տարողությամբ կարասներ, ծածկվել է խճով և ավազով, տոփանվել է և վերևից սվաղվել կավով:


Հովհաննիսյան փող. 92
+37410 432 661