ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

Կասկադ համալիր Երևանում


Կասկադը քաղաքի իսկապես հոյակապ հատվածներից մեկն է, որտեղ արվեստը, քաղաքային աշխույժ կյանքը և ճարտարապետությունը, կանաչ տարածքները հիանալի միաձուլվում են իրար:


Տեղացիներն այս տարածքն անվանում են «Կասկադ»՝ քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից քանդակազարդ հարթակների, շատրվանների ու կանաչ գոտիների վար «հոսելու» համար։

 Կասկադն, ասես, բացօթյա թանգարան լինի․ ժամանակակից արվեստի տպավորիչ գործեր են այստեղ ցուցադրված: Երևանի նախանձելի  ամենաթանկ բնակարաններից մի քանիսի պատուհանները նայում են հենց այս քանդակներին, որոնցով շատ քաղաքների փողոցներ կերազեին զարդարված լինել:

 Կասկադը սկսվում է Մոսկովյան փողոցից, իսկ մուտքը նշանավորվում է Երևանի անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի բազալտե արձանով (քանդակագործ Արտուշ Հովսեփյան, 1974թ.): 

Այստեղ՝ Գաֆեսճյան «քանդակների այգում», առաջինը ձեր ուշադրութունը կգրավի մարդկային կերպարանքը՝ պատրաստված  լատինական այբուբենի տառերով, որոնք արտահայտում են բանաստեղծական տողեր։  Այս քանդակը կոչվում է «Ստվերները», հեղինակը իսպանացի նկարիչ Ժաումե Պլենսան է: Եթե նայեք Թամանյանի արձանից աջ, կտեսնեք անդեմ երկրաչափական մարդկային ֆիգուրների մի քանի քանդակներ, որոնք հեղինակել է բրիտանացի նկարիչ Լին Չադվիքը: Այս ֆիգուրներից երկուսը կոչվում են «Աստիճաններ»), քանի որ աստիճանների վրա են, իսկ նրանց դիմաց մեկ այլ զույգ՝ «Նստած Ֆիգուրներ» են: Այգում կտեսնեք այս արձանների շարքից՝ «Դիտորդներին», որի հերոսները թեև աչքեր չունեն, բայց ամեն ինչ «տեսնում» են։


«Ստվերները» Ժաումե Պլենսանի ստեղծագործություններից միակը չէ, որ զարդարում է Կասկադը: «Նստած դաջվածքը» (Sitting Tattoo) վերին հարթակում է։ Այս քանդակի վրա կարող եք դաջված տեսնել աշխարհի բոլոր գետերը։

Այգում  Բերի Ֆլանագանի հեղինակած նապաստակների՝ բրոնզաձույլ քանդակների մի խումբ կա՝ «Նապաստակը զանգի վրա», «Բռնցքամարտիկ Նապաստակը կոճի վրա», «Ակրոբատ Նապաստակները», «Նապաստակներ փղերի վրա»:

Ամենահետաքրքիր քանդակներից է լատինաամերիկյան հայտնի քանդակագործ Ֆեռնանդո Բոտերոյի «Հռոմեական ռազմիկը», որը մերկ է։ Այս հեղինակի գայթակղիչ աշխատանքներից կգտնեք նաև «Ծխող կնոջը» և «Սև կատվին»։

Զբոսանքի ժամանակ ձեզ կդիմավորի նաև կրկեսային վրանից դուրս նայող փղի կնճիթը: Այս զվարճալի աշխատանքը Ջիմ Անսվորթինն է: 

Կասկադի այգու աջ կողմում գովազդային գունավոր վահանակ կա, որը պարբերաբար թարմացվում է Արվեստի կենտրոնի աշխատակիցների կողմից: Նարնջագույն վահանակը, օրինակ, գովազդում է ջազային համերգներ, կապույտը՝ դասական երաժշտության համերգների համար է, կարմիրը՝ անդիպումներ շարքն է, իսկ դեղինը զբոսայգում և պատկերասրահում էքսկուրսիաների ժամանակացույցն է։

Հենց գովազդային վահանակի հետևում կգտնեք Ռուսական արվեստի թանգարանի մուտքը: Այս երկհարկանի շենքը նախկինում եղել է նորաձևության տուն, սակայն մեր օրերում այստեղ են գտնվում ռուսական գեղանկարչության մեծագույն վարպետների ստեղծագործությունների հավաքածուններ։ Դրանք հավաքագրել  և իր հայրենիքին է նվիրել Արամ Աբրահամյանը, ով բժիշկ-պրոֆեսոր է, ապրում է Մոսկվայում։

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի մուտքին հասնելու համար պետք է անցնել Սարրաջ Գուխի «Ցատկող այծյամները» քանդակի կողքով, որոնք, կարծես, ցատկ են անում սիզամարգերի վրայով, այնուհետև՝ Բոտերրոյի հեղինակած «Սև կատվի», ապա՝ փոքրիկ մետաղական ձիու (հեղինակ Մարտին Լոու) կողքով : Գեղեցիկ ձևավորված բացօթյա ցուցադրությունն ավարտվում է համալիրի ստորոտում և սկսվում են Կասկադի տրավերտինե աստիճանները:

Արվեստի կենտրոնի մուտքը ձախ կողմում է։ Այն աշխատում է հետևյալ օրերին և ժամերին.

 Երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի (10:00-18:00)

 Ուրբաթ, շաբաթ, կիրակի (10:00-20:00)

Կասկադի յուրաքանչյուր հարթակում կան շատրվանային գոտիներ,միջնադարյան արևային ժամացույցի քանդակներ։ Ձևավորման զարդաքանդակները հայկական են, հատկապես՝ Վանի ազգային սիմվոլներն են, քանի որ  գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը ծնունդով Վանից էր։ Համալիրի յուրահատուկություններից է, այն, որ ոչ մի հատվածում միանման ոչ մի քանդակ, զարդանախշ և հորինվածք չի կրկնվում․ միակ բանը, որ միավորում է այս ամենը, ազգային խորհրդանիշներն են՝ նուռը, ծաղողը, աղավնիները, հավերժության նշանը՝ արևախաչը և այլն։


Մտնելով Գաֆեսճյան արվեստի կենտրոն՝ առաջին հարկի ապակիներեի պատկերասրահում կտեսնեք այս համալիրի անգին ցուցանմուշները՝ Կասկադի քարե աստիճանների տակ, որոնք 2009 թվականից ստացել են «ազգային գանձերի» կարգավիճակ: Ջերարդ Գաֆեսճյանի ապակե հավաքածուն ամենամեծն է աշխարհի որևէ թանգարանում գտնվող հավաքածուներից։

Դուք կարող եք անվճար այցելել թանգարան-խանութի ետնամասում  ներկայացվող ցուցահանդեսին, որի աջ պատին պատկերված է ամերիկացի հայտնի ապակու նկարիչ Դեյլ Չիհուլիի քանդակը՝ իր «Պարսկական շարքից»: Նրա աշխատանքները զարդարում են վերջին հարկում գտնվող հատուկ միջոցառումների համար նախատեսված դահլիճի մուտքն ու առաստաղը: Կասկադի այցելուները, ովքեր եղել են Լաս Վեգասում, կարող են ճանաչել վարպետի ձեռագիրը․ նա նախագծել է Բելաջիո խաղատունը: 

Կենտրոնի երկրորդ հարկում կա մի դահլիճ, որը բաց է հանրության համար։ Այստեղ բոլորը կարող են վայելել Գրիգոր Խանջյանի «Հայոց այբուբենի ստեղծումը» (5․8մ-ից 5․7մ) մոնումենտալ եռամաս որմնանկարը, «Ավարայրի ճակատամարտ» (5․8մ-ից 6․7մ) և «Վերածնունդ» (5․8մ-ից 4․7մ) գործերը: Ջերարդ Գաֆեյսճյանը որոշել է, որ իր կենտրոնում գտնվող արվեստի բոլոր նմուշները, որոնք հայկական ազգային ժառանգության գանձերն են, պետք է հասանելի լինեն հանրության այցելության համար: 

«Խանջյան» մեծ դահլիճն անաղմուկ է և զով: Հաստ շերտավարագույրները խնամքով ծածկում են պատուհանները, որպեսզի արևի ճառագայթները չվնասեն արվեստի գործերը: Անհավատալի է, որ Խանջյանը եռամաս աշխատանքի երրորդ մասը նկարել է 1990-ականների սկզբին, երբ նորանկախ հանրապետությունն այդքան խնդիրներ ուներ: Ոգեշնչված Սիկեյրոսի մոնումենտալ նկարներից՝ նկարիչն ամեն օր գալիս էր լքված տեղանքը, զգուշորեն ուղղում որմնանկարի բեկորները, որոնք վնասվել էին վանդալների կողմից և շարունակում ստեղծել արվեստի նմուշներ։

Հարթակներից մեկում ցուցադրված են չեխ քանդակագործ և կենդանաբան Իվանա Շրամկովայի աշխատանքները։

Չորրորդ հարկից դեպի մեկ այլ ցուցասրահ կարող եք բարձրանալ վերելակով։ Այստեղ ցուցադրված են չեխ զույգի` Լիբենսկու և Բրիխտովայի մոնումենտալ ապակե քանդակները: Կտեսնեք երկու թեք, բոցերանգ գահեր, որոնց վրա նստելը միտումնավոր դժվարացրած է: Դրանք ստեղծվել են 1980-ականների վերջին։

Ձեր աչքից չեն վրիպի հին ացտեկների արվեստի ազդեցությամբ ստեղծված Կանաչ բուրգը, T-աձև խոռոչը և Հրեշտակի հետքերը:

Շարժասանդուղքի ելքի մոտ կարող եք տեսնել հանճարեղ դիզայներ Ջուջարոյի աշխատանքը՝ Սուբարու ավտոմեքենայի առաջին լյուքս մոդելը, որը պատված է արծաթով:

 

Այնուհետև կարող եք դուրս գալ պատշգամբ և առաջին բանը, որ կնկատեք 1904 թվականի Ֆորդն է՝ հիանալի պահպանված ռետրո մեքենան՝ գազի լույսերով և շչակով, որը պետք է վախեցներ անուշադիր հետիոտնին:

Սրահում ցուցադրված է նաև «Կորսարի» մոդելը՝ այն նավի, որում Ջերարդ Գաֆեսճյանը ծառայել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և որտեղ ապագա միլիարդատերն ու բարերարը կորցրել է ձախ աչքը:

Սյունասրահը, որն օգտագործվել է World Expo-ի տաղավարներից մեկը զարդարելու համար 1889 թվականին Փարիզում, հավաքածուի այլ գանձերի թվում է:

 

Վեցերորդ հարկի «Արծիվ» սրահում, ի տարբերություն կենտրոնի մյուս պատկերասրահների, ցուցադրությունը մշտական ​​չէ։ Երբ այն առաջին անգամ բացվեց, ցուցադրվեցին Արշիլ Գորկու (Վոստանիկ Ադոյան, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամերիկահայ հիմնադիր) աշխատանքները՝ Գաֆեսճյանի հավաքածուից։

Յոթերորդ հարկի բաց պատշգամբում բրիտանացի նկարիչ Մարկ Վոլերի երեք ջրասուզակների խմբի քանդակն է: Մի փոքր ավելի ցած՝ ձյունաճերմակ խաչքարեր են։

Համալիրի վերջին հարկում երկու սրահ կա՝ անկրկնելի Սվարովսկի պատկերասրահը, որը փայլում է Նյու Յորքի ճարտարապետական ​​ստուդիայի՝ Diller Scofidio & Renfro-ի փայլուն դեկորատիվ իրերով և շատ հարմարավետ Հատուկ միջոցառումների դահլիճը, որտեղ ամեն երեկո կարող եք վայելել երևանյան հիասքանչ տեսարանները:

 

1971 թվականին կառուցված 56 մետր բարձրությամբ սյունակոթողը պսակում է Կասկադի սպիտակ աստիճանները։ Այն կառուցվել է ի պատիվ Հայաստանում խորհրդային իշխանության 50-ամյակի և կոչվել է «Վերածնված Հայաստան», խորհրդանշում է այն պետականությունը, որը հայերը ձեռք են բերել երկար դարեր զրկված լինելուց հետո: Խորհրդային այս հուշարձանը զարդարված է Ուրարտական Հայաստանի խորհրդանիշերով, իսկ ներքևի մասում արևի սկավառակն է, որը հին հայկական պատկերագրության ամենագլխավոր նշանն էր՝ հավերժության խորհրդանիշը:

Բլրի գագաթ անվճար կարող եք բարձրանալ աստիճաններով կամ ստորգետնյա շարժասանդուղքներով: Իսկ իջնել խորհուրդ կտանք Կասկադով, որն ունի 15 աստիճան թեքություն և 127 մետր բացարձակ բարձրություն։

Բաց պատշգամբները թույլ են տալիս վայելել քաղաքի հիասքանչ համայնապատկերը՝ հատկապես առավոտյան, և բացիկի տեսարանը՝ դեպի վեհաշուք Արարատ լեռը։


Ալ. Թամանյանի փ. 10
+37410 567 262