ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ


1967 թ.


Պետ. ցուցիչ` 1.6.106

 Ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան

Քանդակագործ՝ Վանիկ Խաչատրյան (Վան Խաչատուր)

Գտնվում է Ծիծեռնակաբերդի բարձունքին՝ զբոսայգու տարածքում: Կառուցվել է 1965-1967 թթ.: Նվիրված է 1915 թ. Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաշատ այլ վայրերում  երիտթուրքական կառավարության վարած հայաջինջ քաղաքականության հետևանքով ցեղասպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին: Հուշահամալիրը կառուցվել է  Խորհրդային Հայաստանի կառավարության Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ ընդունված որոշման համաձայն: Միջոցառումների կազմակերպման և հուշահամալիրի կառուցման նախաձեռնողը ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յակով Զարոբյանն է: Բացումը կատարել է ՀԿԿ ԿԿ նորանշանակ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, 1967 թ. նոյեմբերի 29-ին:


Շինարարությունն իրականացրել է «Երքիմշին» տրեստը: Աշխատանքները ղեկավարել է Արտուշ Օրդուխանյանը:

Համալիրը բաղկացած է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հավերժության տաճարից՝ 12 մույթերով ու անմար կրակով (մույթերի բարձրությունը ներսից՝ 9 մ, արտաքինից՝ 7 մ), հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող երկմաս կոթողից (բարձրությունը՝ 40 մ) և հուշարձան տանող 100 մ երկարությամբ բազալտե հուշապատից (սգո պատ), որի վրա փորագրված են Թուրքիայի հայաշատ այն բնակավայրերի անունները, որտեղ կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներ և տեղահանություններ: Տարածքը սալարկված է բազալտով:


1988-1990 թթ. հուշահամալիրի տարածքում տեղադրվել են Ադրբեջանի Սումգայիթ (1988 թ.), Կիրովաբադ (Գանձակ, 1988 թ.) և Բաքու (1990 թ.) քաղաքներում հայկական կոտորածների զոհերին նվիրված խաչքարեր: 1990-1992 թթ. հուշապատի դիմաց ամփոփվել են հայ-ադրբեջանական կռիվերի ժամանակ զոհված հինգ ազատամարտիկների՝ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի (1961-1990), Սամվել Գևորգյանի (1950-1992), Էդիկ (Էդուարդ) Մարկոսյանի (1946-1990), Մուշեղ Մխոյանի (Վոժդ, 1951-1991) և Երվանդ Սաղումյանի (1958-1990) աճյունները:

         

1996 թ. հուշապատի հետնամասում ամփոփվել են օտարազգի հասարակական, քաղաքական, գիտության և մշակույթի այն գործիչների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց ձայնն են բարձրացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության և թուրքական իշխանությունների վայրագությունների՝ Անատոլ Ֆրանս (ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր), Արմին Վեգներ (գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս), Յոհաննես Լեփսիուս (գերմանացի արևելագետ, հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր), Ֆրիտյոֆ Նանսեն (նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, Ազգերի լիգայում փախստականների հարցով գլխավոր լիազոր), Մարիա Յակոբսեն (դանիացի միսիոներուհի, բժիշկ, աչքի է ընկել հայ որբախնամ գործունեությամբ) և այլոք:

         

Հուշահամալիրի կազմի մեջ են մտնում Մեծ եղեռնի թեմատիկ քանդակներով հուշակոթողը (1965 թ.), Հայոց ցեղասպանության թանգարանը (1995 թ., ճարտարապետներ` Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան, Լ. Մկրտչյան, քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան), «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը» հուշասյունը (2002 թ.), «Մոխիրներից հառնած մայրը» քանդակը (2002 թ., քանդակագործ՝ Ռուստամ Ավետիսյան, կրկնօրինակը նվիրաբերվել է Էսքիջյան և Լազարյան ընտանիքների կողմից (ԱՄՆ), բնօրինակը պահվում է Լոս Անջելեսի «Արարատ Էսքիջյան» թանգարանում) և այլն:

Զբաղեցնում է 4500 քմ տարածք:

         

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Հայոց ցեղասպանությանը նվիրված լավագույն հուշահամալիրներից է, համայն հայության սրբատեղին, ուր 1968-ից սկսած՝ ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են հարյուր հազարավոր հայեր ՀՀ-ից և սփյուռքի տարբեր գաղթօջախներից՝ ոգեկոչելու  հայոց անմեղ զոհերի հիշատակը: Հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիր են այցելում նաև արտասահմանյան տարբեր երկրների պաշտոնական պատվիրակություններ:

 

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ծիծեռնակաբերդի խճուղի 8