ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՏՈՒՆ


1958


Պետ. ցուցիչ՝ 1.6.161
Ճարտարապետ՝ Կորյուն Հակոբյան

Ճարտարապետների միությունը ստեղծվել է 1932 թ., շենքը կառուցվել է 1958 թ.` որպես Հայաստանի ճարտարապետների միության վարչության շենք և ճարտարապետի տուն, որը 1978 թ., Ալ. Թամանյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարության օրերին անվանակոչվել է նշանավոր ճարտարապետի անունով:
1982 թ. բակի կողմից կցակառուցվել է մասնաշենք: 
2018 թ. մարտի 17-ին Ճարտարապետների միության 19-րդ համագումարում Հայաստանի ճարտարապետների միությունը վերանվանվել է Հայաստանի ճարտարապետների պալատ:
Շենքը համաչափ է, երկհարկ: Կենտրոնական մուտքն ընդգծված է սյունազարդ նախասրահով, որը ձևավորում է երկրորդ հարկի բաց պատշգամբի եզրապատը: Երկու դուրս եկող կողային ռիզալիտներից կազմվել են անկյունային ծածկված տիմպան-օթյակներ, որոնք հարստացնում են կառույցի հորինվածքը:
Կենտրոնական մասը և ռիզալիտներն ունեն նրբագեղ քիվի տեսքով ատամնաշար ավարտ: Պլաստիկ լուծման մեջ օգտագործված են ազգային ձևերը (քիվ, խոյակ):
Շենքը կառուցված է մանուշակագույն երանգի մուգ տուֆից, խոյակները՝ բաց դեղնավուն ֆելզիտից:
Հատակագծային լուծումը պարզ է՝ գլխավոր մուտքի նախասրահ, նկուղում՝  հանդերձարան, երկրորդ հարկում՝ դահլիճ և ճեմասրահ: Առաջին հարկի կողային ծավալներում ճարտարապետների միության տարածքներն են, երկրորդ հարկում՝ ցուցասրահները:
Երևանի կարևորագույն հասարակական շենքերից է: Գեղարվեստական առումով հանդիսանում է 1950 թ. բնորոշ կառույց: Աչքի է ընկնում հաջող հատակագծային լուծմամբ, ճարտարապետական մանրամասների նուրբ քանդակազարդմամբ:


Բաղրամյան պող., 17
+37410 561 506