ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
Հանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակը Երևանի կենտրոնական քաղաքային հրապարակն է և մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետական համալիրներից մեկը:
Երևանի «այցեքարտը» կամ «սիրտը»` Հանրապետության հրապարակը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հիմքն է, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում՝ Աբովյան, Նալբանդյան, Ամիրյան, Վ. Սարգսյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտան միավորող հանգույցում։
Խորհրդային տարիներին Հանրապետության հրապարակը կոչվել է Լենինի անունով: Հրապարակի հարավային մասում նախկինում կանգնեցված էր Լենինի արձանը (քանդակագործ՝ Ս.Մերկուրով, ճարտարապետներ՝ Ն.Փարեմուզովա, Լ.Վարդանով), որն ապամոնտաժվեց 1991թ.-ին:
Հրապարակի ճարտարապետական համալիրի մեջ մտնում են Հայաստանի պատմության թանգարանի, ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական փոստի, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի, նախկին արտաքին գործերի և էներգետիկայի նախարարությունների շենքերը: Հիմնական շենքերը կառուցված են վարդագույն և դեղին տուֆով նեոկլասիկական ոճով՝ հայկական մոտիվների լայն կիրառմամբ։ Չորս հիմնական շենքերի շինարարությունն ընթացել է 1926-1958թթ.: Կառավարության տան շենքի ճարտարապետը եղել է Ալ. Թամանյանը: Նրա մահից հետո՝ 1936-1952թթ. աշխատանքն ավարտին է հասցրել որդին՝ Գ. Թամանյանը:
Հյուրանոցի և Փոստատան շենքերի նախագծողներն են Մարկ Գրիգորյանը և Էդվարդ Սարապյանը: ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի և տարածքային կառավարման նախարարությունների շենքերը նախագծել են Սամվել Սաֆարյանը և Վարազդատ Արևշատյանը: Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի շենքն իր վերջնական տեսքը ստացել է 1975թ.: Այն նախագծել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը:
Երևանի գլխավոր ժամացույցը նույնպես գտնվում է Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի աշտարակի վրա, այն տեղադրվել է 1941 թվականին: Ժամացույցի տրամագիծը 3 մ 60 սմ է, 170 սմ երկարությամբ մեծ սլաքը կշռում է 4 կգ 850 գր, իսկ 110 սմ երկարությամբ փոքր սլաքը՝ 3 կգ 500 գր: Ժամացույցն աշտարակի վրա է տեղադրել այդ սարքավորման առաջին ժամագործ Արծրուն Յավրոյանը: Հանրապետության հրապարակի ժամացույցը միայն մեկ անգամ է տեխնիկական փոփոխության ենթարկվել 2001թ.-ին, երբ դրա մեխանիկական հատվածը փոխարինվել է էլեկտրոնայինով:
Հանրապետության հրապարակում` Հայաստանի պատմության թանգարանի առջև, գտնվում են Երևանի կենտրոնական երգող շատրվանները, որոնք նախագծվել են ճարտարապետ Ալ. Թամանյանի կողմից 1939 թվականին, սակայն կառուցվել են միայն 1955 թվականին ճարտարապետ Է.Սարապյանի նախագծով, իսկ 1970 և 1988 թվականներին վերածվել են գունեղ երգող շատրվանների։ Շատրվանները 2007թ.-ին վերանորոգվել են և համալրվել համակարգչային կառավարմամբ լուսաձայնային արտահայտչամիջոցներով, իսկ 2011թ.-ի սեպտեմբերին իրականացվել են շատրվանների նորովի ձևավորման և արդիականացման աշխատանքներ:
Հանրապետության հրապարակը երևանցիների ժամանցի սիրելի վայրերից է: Այստեղ հաճախ կազմակերպվում են բացօթյա համերգներ, որոնք սովորաբար ավարտվում են շքեղ հրավառությամբ: Ամեն տարի Հանրապետության հրապարակում կանգնեցվում է հանրապետության ամենամեծ գլխավոր Ամանորյա տոնածառը և Ամանօրյա գիշերը կազմակերպվում է տոնական միջոցառում։