ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

«ԱՐԱՐԱՏ» ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ


Պետցուցիչ՝ 1.6.7

1887-1910 թթ., ճարտարապետ՝ Միխայիլ  ֆոն դեր Նոննե

1937-1961 թթ., ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան, Գևորգ Քոչար

Կոնստրուկտոր` Ա. Մարտիրոսյան

1980 թ., ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան,

Քանդակա­գործ` Արա Հարությունյան

Գտնվում է Հրազդան գետի կիրճի ձախ բարձրադիր ափին՝ Երևանի նախկին բերդի տարածքում՝ Արգիշտի փողոց, 9 հասցեում:

1877 թ. հայտնի վաճառական և բարերար Ներսես Թաիրյանը բերդի տարածքում գնած հողակտորի վրա սկսել է գինու, իսկ 1887 թկոնյակի արտադրությունը, որը կարճ ժամանակահատվածում դարձել է բնագավառի առաջատարը: 1887 թ. գործարանի շենքի կառուցման հարցում Թաիրյանին նյութապես աջակցել է ազգականը՝ հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ 1899 թ., արտահանման հետ կապված դժվարությունների պատճառով Թաիրյանը գործարանը վարձակալության է տվել ռուսական առևտրաարդյունաբերական առաջատարներից «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերությանը, որն էլ մեկ տարի անց գնել է գործարանը և ընդլայնել այն՝ ստեղծելով արտադրական մեծ համալիր:

1887-1910 թթ. կառուցվել է Թաիրյան-Շուստով գինեգործական համակառույցը (ճարտարապետ՝ Միխայիլ ֆոն դեր Նոննե):

Գործարանի տարածքում ամենահին պահպանված կառույցը մառանն է (1877 թ.):

Հիմնական արտադրանքն են եղել գինին, օղին և կոնյակը, որոնք արտահանվել են Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Վարշավա, Պարսկաստան, Ճապոնիա, եվրոպական երկրներ, և մեծ համբավ են ունեցել: Միջազգային մրցույթներում նրանցից մի քանիսը շահել են ոսկե և արծաթե մեդալներ: XX դ. սկզբին ընկերությանը տրվել է Նիկոլայ II ցարի արքունիքին կոնյակ մատակարարողի արտոնություն: XX դ. 10-ական թթ. վերջին Շուստովի ձեռնարկության արտադրանքը կազմել է Երևանի նահանգում արտադրվող ամբողջ գինու, կոնյակի և սպիրտի քանակի 90 %-ը:

1912 թ. համալիրը թաիրյանական շրջանի շինությունների հետ ընդգրկում էր քսանից ավելի կառույց: Գործարանի սահմաններից դուրս եղել է հիդրոէլեկտրակայան, որն էներգիայով ապահովել է գործարանին և քաղաքի մի հատվածին:

1920 թ. համալիրն ազգայնացվել է, իսկ 1921 թ. մայիսին վերանվանվել է Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու կոմբինատ («Արարատ տրեստ» միավորում), որի կազմում էին Խորհրդային Հայաստանի գինու-կոնյակի բոլոր գործարանները:

1930-ական թթ. Սարդարի պալատի տեղում սկսվել է մառանների շենքի կառուցումը: Շինարարությունն ընթացել է երկու փուլով՝ 1937 թ. (ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան, Գևորգ Քոչար) և 1961 թ. (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, քանդակա­գործ՝ Արա Հարությունյան): Շենքն իր հարթ տանիքներով ուներ Հրազդանի կիրճի ժայռերի վրա բարձրացող բերդապարսպի տեսք և հիշեցնում էր, որ այստեղ է եղել Երևանի ահարկու բերդը:

1948 թ. վերակազմավորման արդյունքում Երևանի գինու կոմբինատը և Երևա­նի կոնյակի գործարանն առանձնացել են։ Վերջնական անջատումը կատարվել է 1953 թ., երբ ավարտվել է կոնյակի գործարանի նոր շենքի կառուցումը։ 

Համալիրում վերակառուցումներ են կատարվել նաև 1980 թ.:

2002 թ. «Արարատ» միավորման համալիրն ընդգրկվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում, վերանորոգ­վել ու հագեցվել է նորագույն տեխնիկական միջոցներով: Ավելացվել են կառույցների թեք տանիքները:

Գինու կոմբինատի քանդակներում գերիշխող է ազգային թեմատիկան, որոնցում  պատկերվել են դրվագներ հայկական առակներից:

Համալիրն ունի տպավորիչ ճարտարապետական լուծում և պատմական արժեք:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Արգիշտի փող. 9