ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ԲԻԱՅՆԱԿԱՆ (ՈՒՐԱՐՏԱԿԱՆ) ԴԱՄԲԱՐԱՆ


Մ.թ.ա. VIII-VII դդ.


Պետ. ցուցիչ՝ 1.11.8

Գտնվում է Արշակունյաց պողոտա 34 հասցեում, նախկին «Ավտոագրեգատ» գործարանի բակում, այժմ՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի տարածքում: Հայտնաբերվել է 1984 թ. շինարարական աշխատաքների ժամանակ: Հետազոտել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (հնագետ՝ Լեոնիդ Բիյագով, ճարտարապետ՝ Արմինե Կանեցյան): Հուշարձանի պահպանության նպատակով 1984-ին կազմվել է վերականգնման նախագիծ (հեղինակ՝ ճարտարապետ Վլադիմիր Ճաղարյան), իրականացվել են շինարարական աշխատանքներ:

Հուշարձանը մեզ է հասել գրեթե նախնական վիճակով: Զբաղեցնում է 12 քմ տարածք: Հյուսիս-հարավ կողմնորոշմամբ ստորգետնյա ուղղանկյուն կառույց է: Դամբանախցի հատակը շարված է լավ մշակված սև, կարմիր, մուգ շագանակագույն տուֆե սալերով, որոնց տակ գտնվում են գաղտնարաններ: Հինգ շարք բարձրությամբ պատերը կառուցված են սրբատաշ տուֆով: Հյուսիսից բացված մուտքը (1.29 x 0.75 x 0.54 մ) փակված է եղել տուֆե զանգվածեղ սալաքարով (ցուցադրվում է դամբարանում): Ծածկը տուֆե մեծ հեծաններով է:

Դամբանախցի պատերին (ներքուստ) կան որմնախորշեր (արևմտյան՝ 3, հարավային՝ 1, արևելյան՝ 1), որտեղից հայտնաբերվել են մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով լցված աճյունասափորներ, ցլագլուխ արձանիկներով զարդարված մեծ կավանոթ, սափոր, ճրագ, թասեր և այլն: Գտածոների մեջ կան նաև բրոնզից օձագլուխ ապարանջաններ, կապարճի բեկորներ, ձիասանձերի մասեր, գամեր, երկաթե սուր, դանակ, դաշույններ, ագաթից ուլունքներ, գիշերասաթից կնիք` գրիֆոնի և կիսալուսնի պատկերով, խոյի գլխաքանդակով հարդարված բրոնզե շքասեղ, բրոնզե 3 գոտիներ և այլն:

Հայտնաբերված նյութերն ունեն պատմամշակութային և գեղարվեստական մեծ արժեք: Վանի թագավորության մինչ այժմ հայտնի ամենաճոխ թաղումներից է: Գտածոներից դատելով՝ պատկանել է ուրարտական էլիտային:

Բացի բիայնական դամբարանից մոտակայքում բացվել է նաև վաղ բրոնզեդարյան քարարկղային թաղում: Հարակից տարածքում հայտնաբերվել է մ.թ.ա. I հազարամյակի սկզբներով թվագրվող խեցեղենՆյութերը պահվում են «Էրեբունի» թանգարանում:

Դամբարանի պահպանությունն այժմ իրականացնում է «Երևան մոլի» ղեկավարու­թյունը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Արշակունյաց փող. 34