ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՋՐԱՆՑՔ ՈՒՄԵՇԻՆԻ (ԷՋՄԻԱԾՆԻ ԱՌՈՒ, ԿԱՐՄԻՐ ԲԼՐԻ ՋՐԱՆՑՔ)
Մ.թ.ա. VII դ.
Պետ. ցուցիչ՝ 1.7.7
Կառուցող՝ Վանի թագավոր Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645 թթ.)
Ջրանցքը կառուցել է Վանի (Ուրարտու) թագավորության տիրակալ Ռուսա Բ-ն (մ.թ.ա. 685-645 թթ.): Այդ մասին հիշատակվում է 1900 թ. Զվարթնոցի տաճարի պեղումների ժամանակ հայտնաբերված սեպագիր արձանագրության մեջ, որում մասնավորապես ասվում է. «Ես Իլդարունի գետից ջրանցք անցկացրի. «Ումեշինի» - անունն է (նրա)»: Հաղորդվում է նաև նոր քաղաքի կառուցման, այդ ջրանցքի ջրերով Կուարլինի դաշտի անապատ տարածությունները ոռոգելու, պտղատու և խաղողի այգիներ տնկելու մասին:
Ումեշինի ջրանցքի նույնացումը Կարմիր բլրի ջրանցքի հետ 1944 թ. առաջարկել է Բորիս Պիոտրովսկին:
Սկիզբ է առնում Երևանյան լճի մոտակայքից՝ Հրազդան գետի աջ ափից: Ձորի հատվածում մի ափը եզերված է բնական, բազալտե ժայռերով, մյուսը՝ արհեստական հողաթմբով, որը հետագայում փոխարինվել է քարե պատով: Հասնելով Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոց, մտնում է ժայռափոր թունել և դուրս է գալիս ձորին հարող մոտ 15 մ բարձրությամբ բարձունքի հակառակ կողմը: Այստեղ, ոռոգելով հողերը, հասնում է Զվարթնոց և Էջմիածին:
Թունելի երկարությունը 78 մ է, թողունակությունը՝ 4,3 մ3/վրկ, երկարությունը՝ 23,6 կմ: 1930-ական թթ. ելքի հատվածը երկարեցվել է քարե հենապատով` ափերը փլուզումից պաշտպանելու համար:
Ջրանցքը բազմիցս նորոգվել է: Առաջին նորոգումը կատարվել է XVII դ. վերջին, երբ Էջմիածնի կաթողիկոսարանը գնել է ջրանցքը: Նորոգվել է նաև 1815 թ., Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք: Փորձ է արվել նորոգել նաև 1912-1913 թթ., սակայն միայն 1920-1923 թթ. է հաջողվել այն հիմնովին իրականացվել: Խորհրդային իշխանության առաջին տարիներին կառուցվել են հենապատեր, ջրարգելակներ, որոշ հատվածներ երեսպատվել են, հատակն ամրացվել է: Երեսպատումը շարունակվել է մինչև 1970-ական թթ.: XIX դ. սկզբին ջրանցքը ոռոգել է 625 հա հողատարածություն, 1960-ական թթ.՝ քառապատիկ ավելի:
1968 թ. Ծովակալ Իսակովի պողոտայում, ճարտարապետ Գևորգ Մուշեղյանի նախագծով կանգնեցվել է Ումեշինի ջրանցքին նվիրված, 0,65 x 0,32 x 2,5 մ չափերով
բազալտե հուշակոթող (պետ. ցուցիչ՝ 1.7.7.1): Ուղղանկյուն սալի դիմային մասում արձանագրություն է, մյուս ճակատին՝ շրջակայքի հատակագիծը:
Ումեշինի ջրանցքը Կարմիր բլուրի հուշարձանների համալիրի բաղկացուցիչ մասն է: Նրա թունելը եզակի հիդրոտեխնիկական կառույց է, որը վկայում է Վանի թագավորության մեջ ջրաշինական գործի զարգացման բարձր մակարդակի մասին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան