ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ (ՆԱՀԱՆԳԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔ) ԵՎ ՄԱՍՆԱՇԵՆՔ


1876 թ.; XIX դ. վերջ - XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչներ՝ 1.6.203.13, 1.6.203.13.1

Մասնաշենք՝ 1876 թ., շինարար՝ Միխայիլ Ֆոն դեր Նոննե

Նահանգապետարան՝ XIX դ. վերջ - XX դ. սկիզբ, ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան

Շենքը գտնվում է Հանրապետության փողոցում՝ Տիգրան Մեծ պողոտայի և Փավստոս Բու­զանդի փողոցի միջև ընկած թաղամասում, Հանրապետության փողոց, 32 հասցեում: Բաղկացած է իրար հարող երկու մեծ ու փոքր ծա­վալներից, որոնք միմյանց նման չեն ո´չ հատակագծային կառուցվածքով, ո´չ ծավալատարա­ծա­կան հորինվածքով և ո՛չ էլ ճակատների ու ինտերիերի դեկորատիվ հարդարանքով:

1853 թ. կնքված պայմանագրի համաձայն՝ Երևանի քաղաքային խորհուրդը 25 տարի ժամկետով վարձակալել է ազգությամբ պարսիկ Հաջի Աբաս Քյալբալայ Աբդու Հուսեին-օղլու փոքրիկ, հողաշեն տունը՝ տարեկան վճարելով 600 ռուբլի գումար: Շենքը բաղկացած էր 9 սենյակից, 2 նախասենյակից, ցախանոցից:

1876 թ. բոլոր հարցերը Հուսեին-օղլու հետ կարգավորելուց հետո, պայմանագրի ժամկետը դեռ չլրացած, քաղաքային խորհուրդը քանդել է հողաշեն շինությունը և կառուցել է ներկայիս փոքր, միահարկ, ցածր ու սև տուֆե մասնաշենքն իբրև Պարսից հյուպատոսի աշխատասենյակ (1876-1920 թթ.): Նախագծի հեղինակը ազգությամբ գերմանացի, նահանգական ինժեներ Միխայիլ Ֆոն դեր Նոննեն է, ում ղեկավարությամբ էլ շենքը կառուցվել է:

XIX-XX դդ. սահմանագծին փոքր մասնաշենքին կցվել է Վասիլի Միրզոյանի նախագծով կառուցված Նահանգական վարչության նարնջագույն տուֆից շարված, երկհարկանի, մեծ շենքը (ձախից) և Ֆոն դեր Նոննեի եկամտաբեր տները (աջից): 

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո տարածքը տրամադրվել է Հայ օգնության կոմիտեին:

1924-ից այստեղ գործել է կուսակցական երեկոյան բարձրագույն դպրոց, իսկ 1927 թ. տարածքում անցկացվել է էլեկտրականություն: 1928 թ., կուսակցական դպրոցի ղեկավարության հետ համաձայնության գալով, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն Իտալիայում պատվիրել է հոյակապ ջահ, որը մինչ օրս էլ կախված է մասնաշենքի առաստաղից: Տարածքը շուրջ 18 տարի եղել է ռազմական դատախազի նստավայրը, ապա մի քանի տարի դատարկ է թողնվել:

1964 թ. տարածքը տրամադրվել է նորաստեղծ Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությանը (հետագայում՝ դաշնություն, 2020-ից՝ «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն): Մասնաշենքը տասնամյակներ շարունակ եղել է ընկերության նախագահի աշխատասենյակը:

Նահանգական վարչության շենքը երկհարկ, մեծ կառույց է: Ունի ուղղանկյուն հատակագիծ (22.7 մ x 15.9 մ): Սենյակները բաժանված են միջանցքով (սեն­յակ­ների թռիչքներն են՝ 5.4 մ, 5.2 մ, սենյակներից մեկի չափերն են՝ 37.6 քառ. մ, միջանցքի թռիչքը՝ 1.69 մ): Փոքր մասնաշենքի հետ կապվում է միջանցքի աջ կողմում բացվող մուտքով:

Ուղղանկյուն հատակագծով հյուպաթոսական, փոքր մասնաշենքը (Հանրապետության փողոցի երկարությամբ՝ 5.8 մ, դեպի տարածքի խո­րքը՝ 8.3 մ) ունի մեկ սենյակ՝ դիրքորոշված դեպի փողոց (27.9 քմ) և երկու խորշեր (դիրքորոշված դեպի հակառակ կողմ):

Ի տարբերություն մեծ շենքի դեկորատիվ զուսպ ձևավորման, մասնաշենքի ճակա­տի դեկորատիվ հարդարանքն իր նմանը չունի Երևանում պահպանված XIX-XX դ. սկզբի ճարտարապետական հուշարձանների մեջ: Նրա գեղարվեստական լուծման հիմնական մոտիվը զույգ պատուհանների վերնամասում քանդակված վարդյակն է՝ հարդարված հյուսկեն զարդամոտիվներով: Ինտերիերը զարդարում են հայելանման ապակուց շթաքարերը և որմնանկարները: Վերջինս կատարվել են հայ վարպետների կողմից, հայկական և պարսկական զարդամոտիվների համադրությամբ: Վերականգնվել են 1949 և 1974 և 2016 թթ.:

Կրող պատերը տուֆից են՝ շարված շաղախով, հիմնական երկհարկանի ծավալը՝ նարնջագույն, փոքր մասնաշենքը՝ սև: Փողոցահայաց ճակատները շարված է սրբատաշ քա­րով: Ծածկերը հարթ են, փայտից: Տանիքը թեք է:

2014-2016 թթ. ԻԿՕՄՈՍ-ի հայկական բաժանմունքի (որն զբաղեցնում էր շենքի մի հատվածը) միջոցներով շենքը մասնակիորեն վերանորոգվել է, մասնաշենքի որմնանկարները և հայելիները հիմնովին թարմացվել են:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Հանրապետության փող. 32