ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱԿԱՌՈՒՅՑ: ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ
1926 թ., 1933-1971 թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.88
Ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան, Արտաշես Մամիջանյան
Համակառույցը գտնվում է Տերյան փողոց, 105 հասցեում: Զբաղեցնում է Քանաքեռի սարահարթի ստորոտին գտնվող Ուսանողական թաղամասի հյուսիսարևմտյան հատվածը:
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ԵրՊԻ-ն (ոչ-պաշտոնական անվանումը՝
«Պոլիտեխնիկ», 1933-1991 թթ.՝ Կարլ Մարքսի անվան) ստեղծվել է 1933 թ. մարտի 1-ին, ՀԽՍՀ Շինարարական (ինժեներատեխնիկական) և Քիմիկատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ:
Համալիրի տեղը որոշվել է 1924 թ. կազմված Երևանի գլխավոր հատակագծով (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան):
Շինարարությունն սկսվել է 1926 թ. քիմիական ֆակուլտետի կառուցմամբ (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան): 1929 թ. կառուցվել է վարչական մասնաշենքը (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան): Առաջին կառույցներից են նաև նախկին ուսանողական հանրակացարանները
(1930-ական թթ.), որոնցից մի քանիսը հետագայում քանդվել են և սրանց տեղում կառուցվել են նոր մասնաշենքեր: 1953-1963 թթ. կառուցվել է ինստիտուտի գլխավոր մասնաշենքը (ճարտարապետ՝ Արտաշես Մամիջանյան), 1960-ական թթ. վերջին՝
գիտական հետազոտությունների մասնաշենքը (ճարտարապետ՝ Արտաշես Մամիջանյան), 1971 թ.՝ ռադիոէլեկտրոնիկայի մասնաշենքը: 1980-ական թթ. կառուցվել են գրադարանային և սպորտային հատվածները: Մյուս մասնաշենքերի ճարտարապետներն են Սամվել Սաֆարյանը, Տիրան Մարությանը, Միքայել Մազմանյանը, Գևորգ Քոչարը, Արդվարդ Կանայանը, Ռաֆայել Իսրայելյանը և ուրիշներ: Համալիրի գլխավոր հատակագծի վրա աշխատել է Արտաշես Մամիջանյանը:
Հայաստանում արդյունաբերության
առաջընթացին զուգահեռ ինստիտուտն ընդարձակվել է, ստեղծվել են նոր ֆակուլտետներ: 1980–1985 թթ. հասել է իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանող և 60-ից ավելի մասնագիտություն` դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունը և ԽՍՀՄ առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։
Ունի մասնաճյուղեր Գյումրիում և Վանաձորում (1959 թ.): 1972 թ. Դիլիջանում բացվել է ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի մասնաճյուղը:
1991 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ նախագահի
հրամանագրով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմավորվել և վերանվանվել է «Հայաստանի
պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ, որն էլ 2014 թ. նոյեմբերի 13-ին վերանվանվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ։ Համագործակցում է միջազգային նույնատիպ կրթական և գիտական կենտրոնների
հետ:
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական, ճարտարագիտաշինական և տրանսպորտի ֆակուլտետների հիման վրա 1989 թ. ստեղծվել է Երևանի ճարտարապետաշինական ինստիտուտը: 2000-2014 թթ. գործել է որպես «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ: 2014 թ. հունվարի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ վերակազմավորվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի:
Ունի 5 ֆակուլտետ՝ ճարտարապետության, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, շինարարության տեխնոլոգիայի, ջրաշինարարության և քաղաքային տնտեսության, տրանսպորտային շինարարության: Համագործակցում է մի շարք երկրների հետ՝ մասնակցելով ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ու վերապատրաստման բազմաթիվ ծրագրերի:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան