ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ԲՈՒԺԱՐԱՆ ԱՐԱՄ ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆԻ
1912-1914 թթ.
Պետ.
ցուցիչ՝ 1.6.178.4.1
Կրպակներով և բուժարանով տունը գտնվում է Աբովյան փողոց, 1/1 հասցեում:
Ըստ 1896 թ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի՝ տունը
նախապես պատկանել է Գևորգ և Օհան Դիլանյան եղբայրներին: Ունեցել է հետևյալ սահմանները.
արևելքից Խոսրովյանի տունը, արևմուտքից և հյուսիսից՝
Հ. Գրիգորյանի տունը, հարավից՝ Աստաֆյան փողոցը:
Այն մի հարկանի էր, կառուցված տուֆ քարից: Տանիքը թիթեղյա էր, հատակը՝ փայտից, առաստաղը սվաղված էր գաջով: Ուներ 6 սենյակ, 3 նախասենյակ, 1 խոհանոց:
1909 թ. ապրիլին Դիլանյան եղբայրները տունը վաճառել
են Մաթևոս Սանագյանին, ով էլ իր հերթին 1910 թ. հունիսին այն վերավաճառել է բժիշկ,
մասնավոր հիվանդանոցի տեր Արամ Տեր-Ավետիքյանին: Վերջինս
1912-1914 թթ. կառուցել է տան երկրորդ հարկը:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ աշխատել է Կարմիր խաչի ընկերությունը:
1921 թ. մարտի
20-ից մինչև ապրիլի 19-ը այս տանն ապրել է Ամենայն Հայոց բանստեղծ Հովհաննես Թումանյանը,
ով Երևան էր ժամանել Թիֆլիսից:
Բակով և հինգ կրպակներով տունը պատկանել է բժիշկ
Տեր-Ավետիքյանին մինչև 1923 թ.:
1923 թ., Հայաստանի
խորհրդայնացումից հետո,
տունն ազգայնացվել է: 1920-ական թթ. այստեղ են ապրել խորհրդահայ պետական և կուսակցական
գործիչներ Հայկ Յաղուբյանը, Արտաշես Կարինյանը և Հայկ Հովսեփյանը:
Տունը ներքին բակով, գրեթե ուղղանկյուն հատակագծով
շինություն է: Կենտրոնական առանցքով տեղադրված են նախասրահը և սանդղավանդակը:
Գլխավոր մասնաշենքի հարկի (երկարությունը փողոցի ուղղությամբ 30,0 մ է,
լայնությունը՝ 15,3 մ) հատակագծային կառուցվածքում գերիշխում են երկու սրահներ (80,2
քմ և 72,2 քմ, բարձրությունը՝ 4,5 մ), որոնք իրարից բաժանված են նախասրահով:
Հարկի աջ թևում սենյակները դասավորված են երկու շարքով՝ դիրքորոշված դեպի հարավ-արևելք (փողոց) և դեպի հյուսիս-արևմուտք (բակ, չափերն են՝ 58,6 քմ, 22,2 քմ,
բարձրությունը՝ 3,8 մ): Ձախ թևի սենյակներն իրար են միացած միջանցքով (սենյակներից
մեկը 25,9 քմ է): Դեպի փողոց ուղղված են բարձակային երեք պատշգամբ: Հարավ-արևմտյան պատի երկարությամբ կառուցված են անտրեսոլներ: Բակի
մասնաշենքի մի քանի սենյակներ տրված էին բուժարանին:
Գլխավոր՝ հարավարևելյան, ճակատի սիմետրիկ հորինվածքում առանձնանում է
կենտրոնական առանցքը: Շքամուտքի կորագիծ բացվածքը ձևավորված է հոնիական խոյակներով
կիսասյուներով: Վերին բացվածքը նույնաձև է, սակայն փոքր չափերի: Ոճավորված
զարդաքանդակ կա ճակատի միջնամասի ծոփորի վրա: Պատը վերջանում է կլոր բացվածքներով,
ատտիկով շեշտված են տանիքին՝ պատվանդանի վրա դրված յուրօրինակ
ծաղկամանները: Կենտրոնական պատշգամբի բազրիքը պատված է կլոր բացվածքներով: Մյուս երկու պատշգամբների
բազրիքներն ունեն թեթև, մետաղե նախշեր: Ներքևի հարկում ցուցափեղկ-պատուհանները
մշակված են կոպտատաշ քարերով: Ծածկերը հարթ են, փայտե հեծաններով: Տանիքը թեք է,
թիթեղից:
Կառուցվածքային համակարգերում տուֆից և աղյուսից շարված
կրող պատերն են: Փողոցի կողմի ճակատը շարված է սրբատաշ տուֆով:
Շենքն արժեքավոր է որպես XIX դ.
վերջի - XX դ. սկզբի ճարտարապետության հուշարձան: Հիվանդանոցը եղել
է հին Երևանի երկու խոշոր մասնավոր բուժարաններից մեկը: Այստեղ աշխատել
են ժամանակի
այնպիսի հայտնի բժիշկներ, ինչպիսիք
են՝ Արամ Տեր-Ավետիքյանը, Ա. Տեր-Գրիգորյանցը, Կ. Տեր-Մարուքյանը և այլք:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան