ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ «ԿԱՆԱԶ»
1958 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.3.18
Ճարտարապետներ` Սոս Մանուկյան, Վիլեն Տոնիկյան
Քանդակագործ՝ Գրիգոր Բադալյան
Պատվիրատու՝ «Կանազ» գործարան
Շինարարական կազմակերպություն՝ ՀԽՍՀ շինարարության մինիստրության
N 9 տրեստ
Գտնվում է Ազատության պողոտա, 19 հասցեում, շրջապատված է հասարակական և վարչական շինություններով:
Կառուցվել է 1958 թ. ճարտարապետներ
Սոս Մանուկյանի և Վիլեն Տոնիկյանի նախագծով:
Եղել է Քանաքեռի ալյումինի գործարանի (Канакерский алюминиевый завод – КАНАЗ, ԿԱՆԱԶ) մշակութային օջախը
(ակումբ):
Քառահարկ
է, ունի ուղղանկյանը մոտ հատակագիծ: Գլխավոր առանցքով տեղադրված են նախասրահը`
անկյուններում սանդուղքներով և բեմահարթակով ու օթյակներով 600-տեղանոց դահլիճը:
Դահլիճից ձախ կամարակապ, ամառային բաց ճեմասրահն է: Դահլիճից աջ՝ չորրորդ հարկում,
ակումբային սենյակներն են:
Շենքի գլխավոր ճակատը լուծված
է սյուներով և խոյակներով դեկորատիվ կամարաշարի ձևով: Կամարաշարի երկու կողմերում տեղադրված
են բանվորի և կոլտնտեսուհու քանդակները (քանդակագործ՝ Գրիգոր Բադալյան): Ճակատն ավարտվում
է ճակտոնով, որն ունի ատամնաշար քիվ:
Շինանյութը Արմավիրի տուֆն
է, արտաքուստ և ներքուստ ունի վարդագույն, բաց նարնջագույն, շագանակագույն և մուգ կարմիր
գունային համադրություններ:
Շենքը կառուցված է ազգային
ճարտարապետության տարրերի օգտագործմամբ:
Հետխորհրդային տարիներին
«Կանազ» ալյումինի գործարանի վաճառքից հետո մնացել է անտերունչ, օգտագործվել է որպես
կարի, աղյուսի արտադրամաս, տաքսի ծառայություն, ավտոդողերի շինմոնտաժի վայր: Շինության
անմխիթար վիճակի պատճառով տարածքն օգտագործվել է մասնակիորեն: Քանիցս վաճառվել է:
2007 թ. շենքը ձեռք է բերել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: Հետագայում «Կանազ» մշակույթի
տունը վերանվանվել է «Արտ Կանազ» մշակույթի տուն:
2017-ից մշակույթի տունը
Երևանի ավագանու որոշմամբ 10 տարի ժամկետով անհատույց հանձնվել է «Արվեստի այբբենարան»
մշակութային հիմնադրամին (տնօրեն՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյան)՝ մանկական
մշակութային կենտրոն (դպրոց և թատրոն) հիմնելու նպատակով:
2019 թ. սկսվել են վերականգնման աշխատանքներ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան