ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ


1319 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.68

Ճարտարապետ՝ Շահիկ

Դամբարանը, ավելի ստույգ՝ նրա պահպանված ստորգետնյա հատվածը, գտնվում է Աբովյան փողոց, 3 հասցեում՝ 9 մ խորության նկուղային մասում։ Փորված է վառ կարմիր տուֆե ժայռի մեջ: Կառուցվել է 1319 թ., մոնղոլական տիրապետության շրջանի բարձրաստիճան պաշտոնյայի և իր մերձավորների համար: Ճարտարապետն է հայազգի Շահիկ վարդպետը՝ Եղվարդի Ազիզբեկենց Սբ. Աստվածածին եռահարկ եկեղեցու (1301 թ.) շինարարը: Հուշարձանի ստորգետնյա հատվածի մուտքի վերնամասում, ներքուստ փորագրված երկլեզվյան (հայերեն և պարսկերեն) արձանագրության մեջ ընթերցվում է կառուցման թվականը և կառուցող վարպետի անունը:

Դամբարանը բաղկացած է եղել ստորգետնյա և վերգետնյա հատվածներից: Ստորգետնյա հատվածը բացվել է տեղում շինարարական աշխատանքների ժամանակ՝ 1990-ական թթ. վերջին, և ուսումնասիրվել է 2001 թ. (հնագետ՝ Հուսիկ Մելքոնյան, ճարտարապետ՝ Արտակ Ղուլյան): Հայտնաբերվել են մարդկային կմախքի մնացորդներ, շքեղ հախճասալեր, շքաղյուսներ, ջնարակած և հասարակ խեցեղեն, հախճապակի, ձեթաճրագներ, մուտքի երկաթե փականի մասեր, ինչպես նաև՝ վերգետնյա կառույցի բեկորներ (խարիսխ, խոյակ, զարդարուն ճակատակալ քար, քանդակազարդ բեկորներ, շթաքարերի մնացորդներ) և այլն: Դամբանախուցը հատակագծում հավասարաթև խաչ է՝ ծածկված շթաքարե թաղերով, որոնք հենվում են իրար չկրկնող զարդաքանդակներով պատված որմնակամարների վրա: Ներքին հարդարանքում օգտագործվել են ջնարակված, բազմագույն հախճասալեր: Մուտքը հյուսիսից է, դամբանախցի հետ կապվում է նեղ միջանցքով և քարե աստիճաններով:

Վերգետնյա կառույցը կանգուն է եղել մինչև XVII դ. 70-ական թթ.: Նրա նկարագրությունը տվել է Երևան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը 1673 թ.՝ անվանելով այն աշտարակ: Հավանաբար, ավերվել է 1679 թ. մեծ երկրաշարժից, քանի որ հետագայում Երևան այցելած ճանապարհորդները նրա մասին որևէ տեղեկություն չեն հաղորդում:

Դամբարանը միջնադարյան վիմափոր ճարտարապետության և քանդակագործության արժեքավոր հուշարձան է: Կարևոր նշանակություն ունի հայ-մոնղոլական և հայ-պարսկական պատմամշակութային առնչություններն ուսումնասիրելու առումով:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Աբովյան փող. 3