ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԿՈՄԻՏԱՍԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1988 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.124
Ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան
Ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան
Քանդակագործ՝ Արա Հարությունյան
Հայ մեծանուն երգահան, երաժշտագետ, մանկավարժ և խմբավար Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան, 1869-1935) հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է։ Նա ձայնագրել է հազարավոր երգեր՝ մոռացումից փրկելով հայ ժողովրդի երաժշտական մշակույթը և այն ներկայացրել աշխարհին՝ ապացուցելով, որ հայը ունի ինքնուրույն և անզուգական ազգային երաժշտություն։ 2024 թ. հունվարի 29-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում։ Կոմիտաս վարդապետի հուշարձանը տեղադրված է Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայում, նրա անունը կրող Կոնսերվատորիայի շենքի առջև գտնվող պուրակում։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1988 թ. հունվարի 8-ին։
Կոմիտասի
3 մետր բարձրությամբ բրոնզաձույլ արձանը տեղադրված է գրանիտե կլոր հարթակի վրա։ Քանդակը
պատկերում է 1915 թ. Հայոց ցեղասպանության արհավիրքները վերապրած, վշտահույզ ու մտահոգ
Կոմիտասին՝ նստած արմատախիլ եղած, բայց դեռևս հողին կառչած, չորացած ճյուղերով ծիրանի
ծառի բնին։ Կերպարը կառուցված է նուրբ մշակված դիմաքանդակի և մարմնի ընդհանրացված ձևերի
ներդաշնակ համադրությամբ։ Հորինվածքին բնորոշ են մասշտաբայնությունն և քնարականությունը։