ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1962
Քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան
Նյութ՝ բազալտ
Հայոց
գրերի ստեղծող, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիր, հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի
արձանը գտնվում է Մատենադարանի դիմաց: Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։ Մաշտոցի աջ ձեռքի հետևում
հայոց գրերն են, ձախ ոտքի մոտ ծնկած է նրա
աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ պատին փորագրված է հայոց այբուբենով գրված
առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից
աջ, պատին պատկերված է սրով և վահանով արծիվ։ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը հիմք
դրեց հայ մշակույթի, գրականության ու ինքնագիտակցության զարգացմանը։ Նրա պատմական առաքելությունը
կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում: Արձանի հանդիսավոր
բացումը տեղի է ունեցել 1962 թվականի մայիսի 26-ին Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի տոնակատարությունների օրերին: