ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆԻ


1997 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.125
Ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան

Հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Մոսկովյան փողոցի հարևանությամբ:
Նվիրված է ճարտարապետ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս Կարո Հալաբյանին (1897-1959), ով Երևանում և Մոսկվայում 1930-1950-ական թթ. կառուցված բնակելի, վարչական, մշակութային և բազմաթիվ այլ շենքերի հեղինակ է: Տեղադրվել է Հալաբյանի ծննդյան 100-ամյակի առթիվ:

Ճարտարապետական փոքր ձևի մեջ ներդաշնակորեն համադրված անտիկ և վաղ միջնադարյան ճարտարապետության տարրերն ստեղծում են եռանկյունաձև երեք խորշերով մշակված հոնիական խոյակի կուռ հորինվածք: Խոյակի դիմային հարթության վրա փորագրված է.

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆԻՆ
ԾՆՆԴՅԱՆ 100 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ:

Հակառակ երեսին տեղադրման տարեթիվն է՝ 1997: Կերտված է սրբատաշ, զանգվածեղ բազալտ քարերից:
Վաստակաշատ ճարտարապետի հիշատակը հավերժացնող ուշագրավ հուշարձան է:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան


Օղակաձև զբոսայգի