ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԿՈՆԴԻ ՄԶԿԻԹ
Համալիրը հետաքրքիր է որպես Երևանում պարսկական ճարտարապետության հուշարձան՝ պաշտամունքային շինության տիպ: 1687
Գտնվում
է Կոնդի բարձունքի հարավային մասում՝ Ռուսթավելու փողոցի սկզբնամասի բնակելի խիտ կառուցապատված
հատվածում: Մզկիթը կառուցել է Հաջի Նովրուզ Ալիբեկը 1687 թ., պարսից տիրապետության
օրոք: Համալիրը ներկայացված է Երևանի 1906-1911 թթ. գլխավոր հատակագծում, որը կազմել
է ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը:
Խորհրդային
տարիներին մզկիթի տարածքում բնակություն են հաստատել մի քանի ընտանիքներ, որոնց կատարած
բազմաթիվ վերակառուցումներն ու փոփոխությունները խաթարել են մզկիթի նախնական տեսքը
և ծավալահատակագծային կառուցվածքը: Այսօր էլ այն բնակեցված է:
Կոնդի
մզկիթն ուղղանկյուն, լայնատարած ներքին բակի շուրջը հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող
համակառույց է, որում գերիշխում է մզկիթի շենքը` գմբեթով: Կառույցները տեղաբաշխված
են բակի պարագծով` ըստ հատուկ գործառնական նշանակության: Արևելյան և արևմտյան կողմերում
գրեթե միանման, երեքական, 4.3 x 3.4 մ չափերով խցերն են: Հյուսիսային և հարավային կառույցներն
ունեցել են պաշտամունքային բնույթ, այն տարբերությամբ, որ առաջինը նախատեսված է եղել
աղոթքների համար ձմռանը, իսկ երկրորդը` ամռանը: Պաշտամունքային կառույցը բաղկացած է
երեք, իրար հետ փոխկապակցված մասնաշենքերից (որոնցից իշխողը միջինն է` գմբեթակիրը),
ինչպես նաև` թաղածածկ սրահներից, որոնք կցված են առաջինին արևելքից և արևմուտքից: Մզկիթը
հարավային պաշտամունքային ծավալների խմբի երկու կողմում ունի երկու մուտք` արևելքից
և արևմուտքից: Ընդ որում, առաջին բացվածքի և դեպի բակ ելքի միջև երկու դեպքում էլ կան
միջանկյալ անցասենյակներ: Արևելյան և արևմտյան բնակելի շինությունները բաղկացած են
վեց միանման կառույցներից: Շինանյութը թրծված աղյուսն է: Գմբեթները զարդարված են սև,
մոխրագույն և դեղին հախճասալիկներով: Հարավային գմբեթը և նրան կից թաղերն ավերված են:
Պատերն ունեն ճաքեր: