ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԵԿԵՂԵՑԻ ՍԲ ՍԱՐԳԻՍ
1835-1842 թթ․, 1971-1976 թթ․
Պետ․ ցուցիչ՝ 1․6․75
1835-1842 թթ․, վերակառուցված՝ 1971-1976 թթ․,
Վերակառուցման նախագծի հեղինակ՝ ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հոգևոր թեմի առաջնորդանիստ եկեղեցին է։ Գտնվում է քաղաքի Ձորագյուղ թաղամասում՝ Իսրայելյան փող. 19 հասցեում՝ Հրազդան գետի ձախափնյա ձորեզրին։ Հիմնադրման ժամանակը հայտնի չէ։ Եղել է Ձորագյուղի անապատի, ապա՝ Երևանի թեմական առաջնորդարանի եկեղեցի։ Ավերվել է Արարատյան դաշտավայրի 1679 թ․ մեծ երկրաշարժից և վերաշինվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացու գահակալության տարիներին (1691-1705): XIX դ․ Արարատյան թեմի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը Հովհաննես Ը Կարբեցի Ամենայն Հայոց կաթողիկոսի (1831-1842) հրամանով քանդել է խարխուլ վիճակում հայտնված եկեղեցին և 1835-1842 թթ․ նույն տեղում կառուցել քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքով եկեղեցի։ Խորհրդային տարիներին՝ 1971-1976 թթ., Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ Սբ Սարգիսը վերակառուցվել է` պահպանելով հատակագծային նախկին հորինվածքը (նախագծի հեղինակ՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): Արտաքին ճակատները երեսպատվել են նարնջագույն, սրբատաշ տուֆով: Ներքուստ` արևմտյան կողմում, երգչախմբի համար հավելվել է վերնասրահ, գմբեթը փոխարինվել է նոր, առավել բարձր ու վեհաշուք գմբեթով: Շքեղորեն հարդարվել է գլխավոր` արևմտյան ճակատը, որի շքամուտքի ճակատակալ քարին` Աստվածածնի, պատին` Գաբրիել և Միքայել հրեշտակապետերի հարթաքանդակներն են (քանդակագործ` ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյան): Ներքուստ՝ գմբեթատակ առագաստներին քանդակվել են չորս ավետարանիչների խորհրդանշանները։
Սբ Սարգիս եկեղեցու տարածքում են գտնվում Արարատյան թեմի առաջնորդարանի շենքը (1980-1981 թթ․, վերակառուցման նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Համլետ Խաչատրյան), ազգային ավանդույթներով կառուցված աղբյուրը (1996 թ․, ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան), այլուստ տեղափոխված XVI-XVII դդ․ խաչքարեր և քանդակազարդ տապանաքարեր (մի մասն՝ արձանագիր): 2000 թ. ավարտվել է եկեղեցուն կից քառասյուն ռոտոնդայով պսակված վերսլաց զանգակատան կառուցումը (ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան)։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան