ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԷՍՏՈՆԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ
1964
Պետ. ցուցիչ՝ 1.12.15.3
Քանդակագործ՝ Արա Հարությունյան
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Հայ
և էստոն ժողովուրդների բարեկամության հուշաղբյուրը գտնվում է Քանաքեռի 2-րդ փողոցում:
Տեղադրված է հայ մեծ լուսավորիչ, գրող, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տարածքի ամենաբարձր կետում, որտեղից բացվում է Արարատ
լեռան տեսարանը: Բացվել է 1964 թ. սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանում էստոնական գրականությանն
ու արվեստին նվիրված միջոցառումների ժամանակ:
Լայն
աստիճանները տանում են դեպի հուշարձանը, որը կազմված է իրարից 3.5 մ հեռավորության
վրա գտնվող սեղանաձև տուֆե երկու բարձր կոթողներից: Ձախ կոթողի վրա՝ Բալթիկ ծովի ֆոնին,
էստոնուհու պատկերն է: Նրա գլխավերևում ճախրում է ծիծեռնակը` Հայաստանի լրաբերը: Աջ
կոթողի վրա հայուհու քանդակն է` թասը և խաղողի ողկույզը ձեռքին: Կոթողների կողային
մակերեսները հարդարված են ազգային զարդաքանդակներով. ձախակողմյանը` էստոնականով՝ Բալթիկ
ծովից եկած ճայի պատկերով, աջակողմյանը հայկականով՝ խաղողի ողկույզներով և նռնաքանդակներով:
Քանդակներում հաջողությամբ վերարտադրվել են երկու ժողովուրդների ազգային առանձնահատկությունները:
Կոթողների վերնամասերում էստոներենով և հայերենով փորագրված է. «ԱՅՍ ԱՂԲՅՈՒՐԻ ՊԵՍ ԵՎ
ԱՐԱՐԱՏԻ ՆՄԱՆ ԹՈՂ ՀԱՎԵՐԺ ԼԻՆԻ ԷՍՏՈՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂՆ
ԷՐ ԱՆՄԱՀ ԱԲՈՎՅԱՆԸ»: