ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ


1965 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.133

Քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան

Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան


Գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Խանջյան, Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ Ազգային անվտանգության շենքի դինաց: Նվիրված է հայ գրող, բանաստեղծ, փիլիսոփա, գրաքննադատ, հրապարակախոս Միքայել Նալբանդյանին (1829-1866), որի «Իտալացի աղջկա երգը»  բանաստեղծությունը (1861 թ.) դրվել է Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների օրհներգի հիմքում:

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1965 թ. նոյեմբերի 29-ին:


Հղկված գրանիտից կառուցված, 4,5 x 5,0 մ չափերով և 0,5 մ բարձրությամբ հարթակի վրա տեղադրված սև գրանիտե պատվանդանին Միքայել Նալբանդյանի 4,5 մ բարձրությամբ կոփածո բրոնզից արձանն է: Նալբանդյանը պատկերտված է կերպարային նմանությամբ, խրոխտ կեցվածքով, ձեռքերը մեջքին դրած, գլուխը բարձր պահած: Դիմագծերն անհատականացված են, կերպարը բանաստեղծական է և վեհանձն՝ զուսպ և ամբողջական ձևերի, հոծ զանգվածայնության և սիլուետային ընդգծվածության շնորհիվ: Արձանի հետնամասում՝ ցածր եզրապատի վրա փորագրված են ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ բառերը: Ընդարձակ հարթակն ու պատվանդանը շեշտում են քանդակի վեհությունը:


Քանդակում արտահայտված են 1960-ական թթ. խորհրդահայ քանդակագործության պլաստիկ տարրերը՝ կերպարի ռոմանտիզմ, լակոնիզմ և միջոցների ընդհանրացում: Ներդաշնակորեն միահյուսվելով շրջապատող բնության հետ և ձևավորելով քաղաքի կենտրոնական խաչմերուկներից մեկը, Միքայել Նալբանդյանի հուշարձանը դարձել է Երևան քաղաքի լավագույն արձաններից մեկը:

 

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Նալբանդյան փող.