ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՇԵՆՔ


1954


Ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Մարտին Միքայելյան

Շենքը գտնվում է Արշակունյաց պողոտայում:

Կառուցվել է 1954 թ.՝ որպես ՀԽՍՀ Կենտրոնական վիճակագրական վարչության շենք։ 1990-ական թթ. տրամադրվել է ՀՀ Կադաստրի կոմիտեին։

Քառահարկ է՝ նկուղով։ Հատակագիծն ուղղանկյուն է՝ բոլոր հարկերում նույն՝ միջանցքի երկու կողմերում դասավորված սենյակների համակարգով։ Մուտքերը երկուսն են՝ գլխավոր ճակատի եզրային մասերում։ Միջհարկային հաղորդակցությունն իրականացվում է մուտքերի դիմաց՝ խորքում տեղադրված աստիճանավանդակներով։ Նկուղային հարկի մուտքն առաջին հարկի աստիճաններով է, ինչպես նաև արևելյան և հարավային ճակատների լրացուցիչ դռներով։ Ճակատներն ունեն ճարտարապետական համաչափ լուծումներ։ Կողային ճակատների յուրաքանչյուր հարկում կա երկուական պատուհան։ Բակ նայող ճակատը լուծված է ռիթմիկ դասավորված բացվածքներով և աստիճանների ուղղությամբ ձգվող, ընդհանուր հարթությունից դուրս եկող կիսագլանաձև ծավալներով։ Դեպի պողոտա ուղղված գլխավոր ճակատն ունի ճարտարապետական հարուստ լուծումներ։ Առաջին հարկում՝ մուտքերի միջև, տեղադրված են կամարակապ վեց լայն պատուհաններ։ Շենքին առանձնահատուկ գրավչություն են հաղորդում երկրորդ և երրորդ հարկերի ընդհանուր, բարձր սյունակամարաշարով, ինչպես նաև երրորդ հարկի սյունաշարով (ճակատի ողջ երկայնքով) ձևավորված լոջիաները՝ տրամատավորված քիվագոտով։

Գլխավոր և կողային ճակատները կառուցված են վարդագույն սրբատաշ տուֆից, իսկ բակադիր ճակատը պատված է սպիտակ սվաղով։

Շենքն աչքի է ընկնում հորինվածքի ինքնատիպությամբ, կուռ կառուցվածքով և ճարտարապետական ազգային ավանդույթների ստեղծագործական կիրառմամբ։ Այն 1950-ական թվականների Երևանը ներկայացնող բնորոշ շինություններից է։


Արշակունյաց պող., 7