ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ)


1957 թ․


Պետ ցուցիչ՝ 1681

Ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան

Նկարիչ՝ Վանիկ Խաչատրյան (Վան Խաչատուր) 

Գտնվում է Մ. Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ թիվ 53 հասցեում, Քանաքեռի սարահարթի ստորոտին: Գլխավոր մասնաշենքը կառուցվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր ճարտարապետ, 1937-1951 թթ Երևանի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի (1900-1978) նա­խագծով։ Ներքին պատկերազարդումների (խճանկար, որմնանկարներ) հեղինակն է նկարիչ Վանիկ Խաչատրյանը (Վան Խաչատուր, 1926-2019):

Մատենադարանը բացառիկ և արժեքավոր ձեռագրերի եզակի պահոց է, հայ ժողովրդի մտավոր ժառանգության գանձարան, թանգարան ու գիտահետազոտական ինստիտուտ, ունի համա­մարդ­կային արժեք։ 1997 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում և համարվում է հայոց ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը: Այժմ այստեղ պահվող շուրջ 20000 ձեռագրերը (հայերեն և այլալեզու՝ հունարեն, արաբերեն, պարսկերեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլն)  ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն: Միջնադարում կատարված հայերեն թարգմանութունների շնորհիվ կորստից փրկվել են մայր լեզուներով չպահպանված բազմաթիվ բնագրեր:

Մատենադարանը, որպես ՀԽՍՀ-ում առաջին գիտահետազոտական հաստատություն, ստեղծվել է 1921 թ.՝  Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին Էջմիածնից տեղափոխվել է Երևան և գործել Հանրային գրադարանի շենքում։ Գլխավոր մասնաշենքի նախագծումն սկսվել է Մեծ հայրենականի տարիներին, շինարարությունն ավարտվել է 1957 թ.։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959 թ.: Նույն թվականի մարտի 3-ի ՀԽՍՀ կառավարության որոշմամբ վերածվել է Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի։ 1962-ից կրում է Հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անունը։

1978  թ. հյուսիսային բլրալանջի մեջ կառուցվել են գրապահոցներ:

Գլխավոր մասնաշենքը քառահարկ, նկուղային հարկաբաժնով մոնումենտալ շինություն է՝ կառուցված մոխրագույն բազալտից, «միդիս» շարվածքով: Բարձրությունը մինչև քիվը՝ 22,4 մ է: Ճակատ­ները լուծ­ված են խիստ և լակոնիկ ոճով: Ինտերիերը ձևավորված է հայ միջնադարյան քաղաքա­ցի­ական կա­ռույցների (գավիթ, գրապահոց) կոնստրուկտիվ և ոճական սկզբունքներով: Սյուներով և կամա­րա­շա­րերով բաժանված է թաղածածկ տարածքների: Շինարարության մեջ օգտագործվել են երկաթբետոնե կառուցվածքներ:

Գլխավոր մասնաշենքի նախասրահում «Ավարայրի ճա­կա­տա­մարտ» խճանկարն է (1960 թ, նկարիչ՝ Վան Խաչատուր), դեպի երկրորդ հարկ բարձրացող գլխավոր սանդուղքներից տեսանելի է «Հայոց մշակույթի պատմություն» եռամաս որմնանկարը (1959 թ, նկարիչ՝ Վան Խաչատուր):  1961 թ. 40 խեցեգործական աշխատանքներով ինտերիերը ձևավորել է հայ խեցեգործ, գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը, 1977 թ. դրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները։ Շենքի գլ­խավոր ճակատի մոտ առանձին պատվանդաններին տեղադրված են միջնա­դարյան հայ մշա­կույթի նշանավոր գործիչներ Անանիա Շիրակացու (1963 թ, քանդակագործ՝ Գրի­գոր Բա­դալյան), Մովսես Խորենացու (1964 թ, քանդակագործ՝ Երեմ Վարդանյան), Մխի­թար Գոշի (1967 թ, քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան), Թորոս Ռոսլինի (1967 թ, քանդակա­գործ՝ Արշամ Շա­հինյան), Ֆրիկի (1967 թ, քանդակագործ՝ Սուրեն Նազարյան) և Գրիգոր Տաթևացու (1967 թ, քանդակագործ՝ Ար­շամ Գրիգորյան) արձանները: Շենքի գլխավոր առանցքով, հենապատի մոտ տեղադրված է Հա­յոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ու նրա նշանավոր աշակերտ Կորյունի արձանա­խում­բը (1962 թ, քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան): Հենապատի վրա փորագրված է հայերեն առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Շինությանը հարող ցածր կամարասրահներում կազմակերպված է բացօթյա թանգարան, որտեղ ցուցադրված են Հայաստանի տարբեր վայրերից տեղափոխված բարձրարժեք կոթողներ՝ վիշապաքար (մ.թ.ա. II-I հազարամյակներ), կոթող «Դուռ» (բերված է Կարմիր բլրից, մ.թ.ա VII դ), խաչքա­րեր (1294 թ, 1545 թ, 1596 թ, 1604 թ), արձանագիր տապանաքար (XVII դ) և այլն:

Մատենադարանի գործունեության ընդարձակման և ձեռագրական հավաքածուի աճի պայմաններում 1987-1988 թթ. նախագծվեց նոր մասնաշենք (ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան): Շինարարությունն սկսվեց 1988 թ., բայց ընդհատվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից (07.12.1988 թ.) հետո: Նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ 2009 թ. մայիսի 14-ին՝ գլխավոր մասնաշենքի հետնամասում: Կառուցվեց 2009-2011 թթ.։ Այն իր ծավալատարածական լուծումներով համահունչ է գլխավոր մասնաշենքին, իսկ ծավալով գերազանցում է 4 անգամ:

Գլխավոր մասնաշենքը վերանորոգվեց և վերածվեց թանգարանային մասնաշենքի՝ քառապատկելով ցուցադրության մակերեսները:

Մատենադարանի շենքի կառուցումը կարևոր է նաև քաղաքաշինական տեսակետից. այն իր ծավալով կազմակերպում է Մաշտոցի պողոտայի և ընդհանրապես քաղաքի այդ հատվածի վերջավորությունը:

Մատենադարանը միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող հաստատություն է, որը դարձել է մայրաքաղաք Երևանի խորհդանիշներից մեկը։

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


5 և ավելի հոգով այցելությունների համար անհրաժեշտ է նախօրոք պայմանավորվել՝ զանգահարելով +37410 562 578 հեռախոսահամարով:

Ավելի քան 15 հոգուց բաղկացած խմբերի համար ռադիոգիդերը տրամադրվում են անվճար:

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքն անվճար է միայն ՀՀ քաղաքացիների համար։ Շրջայցը վճարովի է՝ ըստ գնացուցակի։

Մատենադարանի թանգարանային համալիրում այցելուներին և հյուրերին բացատրություններ են տրվում 8 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն։


ԱՐԺԵՔԸ


Մուտք

Մեծահասակների համար՝ 1500 դրամ:

Աշակերտներ՝ 200 դրամ:

Ուսանողներ (ուսանողական տոմսով)՝ 300 դրամ:


Շրջայց

Հայերենով շրջայց՝ 3000 դրամ:

1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով` 5000 դրամ:

11 կամ ավելի այցելուների համար օտար լեզուներով բացատրություն՝ 7000 դրամ:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթիից շաբաթ

Թանգարան՝ 10:00-17:00

Գանձապահ՝ 10:00-16:30

Գրադարան՝ 10:00-17:00

Ընթերցարան ՝ 10:00-21:00

Կիրակի, երկուշաբթի և ​​տոնական օրերին փակ է:


ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


Թանգարան ՝ +37410 562 578

Տոմսեր ՝ +37410 513 014

Գրադարան ՝ +37410 513 030

Ընթերցասրահ ՝ +37410 513 056

Մամուլի համար `+37410 513 065


Մեսրոպ Մաշտոցի պող. 53
+37410 513 000

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ 2024
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ)
Մեսրոպ Մաշտոցի պող. 53
+37410 513 000
Դեկտեմբեր 17
Երք 11:00