ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
2004
Ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Ռոմիկ Մարտիրոսյան
Կոնստրուկտոր՝ Հենզել Հակոբյան, կառուցապատող՝ Գագիկ Գալստյան
ՀՀ պետական մրցանակ՝ 2007
Շենքը
գտնվում է Արգիշտի փողոցում:
Երևանի
քաղաքապետարանի նոր վարչական շենքի շինարարությունը սկսվել է 1984 թ․՝ ԽՍՀՄ կառավարության որոշմամբ, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով
և շարունակվել մինչև 1991 թ․, ապա դադարեցվել
երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։ Շենքը վերանախագծվել է 2003 թ․՝ պահպանելով հեղինակային գաղափարը և հարմարեցվելով ժամանակակից
պահանջներին: Շինարարությունն ավարտվել է 2004 թ․ նոյեմբերի 26-ին։ Նախնական քառահարկ նախագծի
փոխարեն կառուցվել է հինգհարկանի շենք՝ վերանախագծված 47 մ բարձրությամբ աշտարակով,
ընդհանուր 13,5 հազար մ² մակերեսով, որի մի հատվածը տրամադրվել է Երևանի պատմության
թանգարանին։
Շենքը
կառուցված է ազգային ճարտարապետության ավանդույթներով, նարնջագույն սրբատաշ տուֆից,
և աչքի է ընկնում հարուստ հարդարանքով՝ ռելիեֆային քանդակներով, Կենաց ծառի և Երևանի
հատակագծի պատկերներով, ինչպես նաև Հայաստանի մայրաքաղաքների անուններով փորագրված
սյուներով։