ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ
1890-ական թթ. կես-1910-ական թթ. սկիզբ
Նախկինում՝
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Շենքը գտնվում է Մելիք-Ադամյան փողոցում:
Երևանցի ձեռնարկատեր Համբարձում Սողոմոնյանը
թիֆլիսահայ հայտնի Սողոմոնյանների գերդասատնից էր, որը 1853 թ. Թիֆլիսում հիմնել էր
գինու և օղու գործարան: Համբարձում Սողոմոնյանն իր կոնյակի գործարանը հիմնադրել է
1890-ական թթ. կեսերին: Գործարանն արտադրում էր կոնյակ, գինի, օղի, լիկյոր և մրգային
պահածոներ ու արտադրանքի ծավալներով զիջում էր միայն Նիկոլայ Շուստովի և Դավիթ Սարաջյանի
գործարաններին։ Արտադրությունը գնալով ընդլայնվում էր, և 1910-ական թվականների սկզբին
գործարանատիրոջ պատվերով կառուցվեց Դոկտորսկայա (այժմ՝ Թումանյան) փողոցում գտնվող
շենքը։
1915 թ․ տվյալներով՝ այն սև սրբատաշ տուֆով երեսապատված
շինություն էր՝ կոնյակի գործարանով, գրասենյակով, նկուղներով և տակառագործի արհեստանոցով։
Մեկ և երկհարկանի կառույցները խմբավորված էին ներքին բակի շուրջ։
Հայաստանի խորհրդայնացումից հետո շենքն ազգայնացվել
է։ Տասնյակ տարիներ այն գործել է որպես տպարան։
ՀՀ կառավարության որոշմամբ շենքը տեղափոխվել
և վերակառուցվել է Մելիք-Ադամյան փողոցում։ 2001 թվականից այստեղ է տեղակայված Հայաստանի
Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը։ Տեղափոխումից հետո ավելացվել է
երրորդ հարկը։
Շենքը XIX դարի վերջի – XX դարի սկզբի արտադրական
կառույցի ինքնատիպ օրինակ է։