ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԱՐԱՄ ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ԲՈՒԺԱՐԱՆ
1912-1914
Պետ. ցուցիչ՝ 1.6.178.4.1
Գտնվում է Աբովյան փողոցում։
Տունը նախապես պատկանել է Գևորգ և Օհան Դիլանյան
եղբայրներին։ Այն եղել է միահարկ՝ կառուցված տուֆ քարից։ Տանիքը թիթեղյա էր, հատակը՝
փայտից, իսկ առաստաղը սվաղված էր գաջով։ Ուներ 6 սենյակ, 3 նախասենյակ և 1 խոհանոց։
1909 թ. ապրիլին Դիլանյան եղբայրները տունը
վաճառել են Մաթևոս Սանագյանին, որն էլ իր հերթին 1910 թ. հունիսին այն վերավաճառել
է բժիշկ, մասնավոր հիվանդանոցի տեր Արամ Տեր-Ավետիքյանին։ Վերջինս 1912–1914 թթ. կառուցել
է տան երկրորդ հարկը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ
գործել է Կարմիր խաչի ընկերությունը։
1921 թ. մեկ ամիս այս տանն է ապրել Թիֆլիսից
Երևան ժամանած բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։
Բակով և հինգ կրպակներով տունը պատկանել է բժիշկ
Տեր-Ավետիքյանին մինչև 1923 թ.։
1923 թ., Հայաստանի խորհրդայնացումից հետո,
տունը ազգայնացվել է։ 1920-ական թթ. այստեղ են ապրել խորհրդահայ պետական և կուսակցական
գործիչներ Հայկ Յաղուբյանը, Արտաշես Կարինյանը և Հայկ Հովսեփյանը։
Տունը ներքին բակով, գրեթե ուղղանկյուն հատակագծով
շինություն է։ Կենտրոնական առանցքով տեղադրված են նախասրահը և սանդղավանդակը։ Գլխավոր
մասնաշենքի հարկի հատակագծային կառուցվածքում գերիշխում են երկու սրահներ, որոնք իրարից
բաժանված են նախասրահով։
Հարկի աջ թևում սենյակները դասավորված են երկու
շարքով՝ ուղղված դեպի հարավ-արևելք (փողոց) և դեպի հյուսիս-արևմուտք (բակ)։ Ձախ թևի
սենյակները միացված են միջանցքով։ Դեպի փողոց ուղղված են երեք բարձակային պատշգամբներ։
Հարավ-արևմտյան պատի երկայնքով կառուցված են անտրեսոլներ։ Բակի մասնաշենքի մի քանի
սենյակներ նախատեսված են եղել բուժարանի համար։
Գլխավոր՝ հարավարևելյան ճակատի սիմետրիկ հորինվածքում
առանձնանում է կենտրոնական առանցքը։ Շքամուտքի կորագիծ բացվածքը ձևավորված է հոնիական
խոյակներով կիսասյուներով։ Վերին բացվածքը նույնաձև է, սակայն փոքր չափերի։ Ճակատի
միջնամասի գոտևոր հատվածում առկա է ոճավորված զարդաքանդակ։ Պատը ավարտվում է կլոր բացվածքներով,
իսկ ատտիկով շեշտված են տանիքին՝ պատվանդանի վրա դրված յուրօրինակ ծաղկամանները։ Կենտրոնական
պատշգամբի բազրիքը մշակված է կլոր բացվածքներով։ Մյուս երկու պատշգամբների բազրիքներն
ունեն թեթև մետաղական նախշեր։ Ներքևի հարկում ցուցափեղկ-պատուհանները մշակված են կոպտատաշ
քարերով։ Ծածկերն հարթ են՝ փայտե հեծաններով։ Տանիքը թեք է՝ թիթեղապատ։
Կառուցվածքային համակարգում կրող պատերը շարված
են տուֆից և աղյուսից։ Փողոցի կողմի
ճակատը երեսպատված է սրբատաշ տուֆով։
Շենքը
արժեքավոր է որպես XIX դարի վերջի և XX դարի սկզբի ճարտարապետության հուշարձան։
Բուժարանը
եղել է հին Երևանի երկու խոշոր մասնավոր բուժարաններից մեկը։