ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՊԵՏՐՈՍ ԷՍԱՊՅԱՆԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՊԱՀԱԾՈՅԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ


1911 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.203.1

 Շենքը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայի և Դեղատան փողո­ցի միջև ընկած թաղամասում՝  Մ. Մկրտչյան փողոց, 9 հասցեում:

1903 թ. Պետրոս Էսապյանը (Էսապով) կառուցեց մրգերի պահածոյի և խյուսի գործարան, որն իր տեսակի մեջ առաջինն էր Անդրկովկասում: Գործարանի արտադրանքն արտահանվել է Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Ֆինլանդիա, Թիֆլիս, Բաքու և Բաթումի: Հիմնադրումից կարճ ժամանակ անց գործարանը մեծ համբավ է ձեռք բերել: Առաջին պարգևը՝ ոսկե մեդալն ու պատվո հավաստագիրը, Էսապյանը ստացել է 1905 թ.՝ Բելգիայում գյուղատնտեսական ցուցադրության ժամանակ։ 1907 թ. պահածոյի գործարանը ստացել է երկու մրցանակ՝ Լոնդոնի Գրան-պրի և Վիեննայի միջազգային ցուցադրության ժամանակ՝ ոսկե մեդալ:

1911 թ. կառուցված շենքը երկհարկ է, նկուղով: Ունի Г-աձև հատակագիծ, սենյակների երկշարք դասավորություն, որոնք դիրքորոշված են դեպի փողոց (այս կողմում են բարձակային երկու պատշգամբները), և դեպի բակ (որտեղ սրահներն են): Շենքի մի ծայրում մուտքն է, մյուսում՝ երթանցը: Գլխավոր ճակատի հարթությունը բաժանված է կողային ուղղա­ձիգ ջլատումներով, որոնք ավարտվում են աստիճանաձև հսկայական պարապետով: Մուտքերի և պատուհան­նե­րի շրջակալները ու լուսամու­տա­տակի պատերն ունեն ինքնատիպ երկրաչափական զարդաքանդակներ, իսկ  ծոփորը, մոդուլյոնների միջև ընկած տարածությունը և ցան­ցկեն պատշգամբներն ունեն բուսական բարձրաքանդակներ: Կրող պատերը խառը քարերից են՝ շաղախով շար­ված: Ծածկերը տափակ են, փայտից: Տանիքը թեք է: Գլխավոր ճակատը և պատշգամբ­ները շարված են սև տուֆից: Սրահները փայտից են:

Հայաստանի խորհրդայնացումից հետո գործարանը պետականացվել է և գործել է մինչև 1929 թ.:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մկրտչյան փող. 9