ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
1928-1940
Պետ. ցուցիչ՝ 1.6.66
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան
Հայաստանի
ազգային գրադարանի գլխավոր մասնաշենքը գտնվում է Տերյան փողոցում։ Նախագծվել է
1928 թ.՝ որպես գիտահետազոտական ինստիտուտի շենք։ Շենքը կառուցվել է Ուսանողական թաղամասում,
որտեղ, ըստ Երևանի 1924 թ. գլխավոր հատակագծի, նախատեսվում էր կառուցել մայրաքաղաքի
բուհերը։ Շինարարությունը սկսվել է 1930 թ. և շահագործման է հանձնվել 1940 թ. նոյեմբերին։
Նախատեսված է եղել 700 000 միավոր գրքի պահեստավորման համար։ Մինչև 1958 թ. շենքում
գործել է նաև Մատենադարանը։
П-աձև
հատակագծով ընդարձակ շինություն է։ Գլխավոր եռահարկ ճակատը շեշտված է շենքի ընդհանուր
հարթությունից դուրս եկող հոնիական կիսասյուներով մշակված կիսաշրջան ծավալով։ Ամբողջ
ճակատը պսակում է դասական քիվը։ Կողային թևերը երկհարկ են։ Ներքուստ օգտագործվել է
աստիճանաձև կամարի մոտիվը, որը տեղ է գտել Թամանյանի վաղ շրջանի ստեղծագործության մեջ՝
շենքերի արտաքին ճարտարապետական տարրերում՝ մուտքերը ձևավորելու համար։ Կառուցված է
Արթիկի տուֆից՝ միջին (միդիս) շարվածքով։ Նախահարկը կոպտատաշ բազալտից է։
Շենքի
ճարտարապետությունը շարունակում է Թամանյանի ռուսական նեոկլասիցիզմի ստեղծագործական
շրջանը։ Բնորոշ է նաև Թամանյանի աշխատանքներին հաճախ հանդիպող հորինվածքը՝ ռոտոնդաների
կիսակլոր ելուստային ձևերով (գրադարանի գլխավոր մուտք) և այլն։
Թամանյանի
նախագծով գրապահոցի ընդլայնման հնարավորություն նախատեսված չի եղել, ուստի 1979 թ.
գլխավոր մասնաշենքին կից կառուցվել է երկրորդ մասնաշենքը (ճարտարապետներ՝ Գևորգ Թամանյան,
Աելիտա Նավասարդյան), իսկ 1989 թ.՝ 9-հարկանի գրապահոցը (ճարտարապետներ՝ Աելիտա Նավասարդյան,
Պետրոս Աբաջանյան)։ Շենքը հիմնանորոգվել է 2008–2011 թթ.։