ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԿԱՄՈՒՐՋ
1945
Երևանի խոշոր կամուրջներից
է, քաղաքաշինական կարևոր հանգույց, որը քաղաքի հյուսիսային և արևմտյան շրջանները կապում
է կենտրոնի հետ:
Գտնվում
է Հրազդան գետի վրա՝ «Արարատ» տրեստի և Կոնյակի գործարանի միջանկյալ
հատվածում: Շինարարությունն սկսվել է 1940-ական թթ., հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1945 թ. նոյեմբերի
25-ին: Շինարարությանը մասնակցել
են նաև հիտլերյան բանակի ռազմագերիները, որոնք Հայաստան էին տեղափոխվել Ստալինգրադի
ճակատամարտից (1943) հետո:
Կամրջի հիմնական մասը
եռաթռիչք, մեծ կառուցվածք է՝ հենված Հրազդանի կիրճի հատակից բարձրացող երկու եռամաս
հենարաններին և ափերի ժայռերին: Կամարների կողերի փոքր հենարանները կոնստրուկտիվ են,
բայց նաև ընդգծում են հիմնական կամարների մեծ չափերը: Կամրջի ափամոտ եզրամասերի տակ
կան կամարակապ անցումներ խճուղու և ջրանցքի համար: Երկարությունը 200 մ է, լայնությունը՝
25 մ, գետի մակարդակից բարձրությունը՝ 34 մ։ Կառուցված է մոնոլիտ երկաթբետոնից: Մեծաթռիչ
կամարները երեսպատված են սրբատաշ, իսկ հենարանները և եզրային մասերը՝ կոպտատաշ բազալտով:
Կամրջի բազրիքը թուջից է: Ճարտարապետական ձևերն ու չափերը ներդաշնակ են ձորի միջավայրին
և շրջակա կառուցապատմանը:
Կամուրջի երթևեկությունը երկկողմանի է, կան նաև անցուղիներ հետիոտների համար: