ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ
1963 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.110
Ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան
Քանդակագործ՝ Արա Հարությունյան
Նյութ՝ մարմար
Հուշարձանը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46 հասցեում՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջև։ Այն նվիրված է XVIII դարի հայ մեծ բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովային (Հարություն Սայադյան, մահ.՝ 1795)։ Սայաթ-Նովան ստեղծագործել է Թիֆլիսում, եղել է Կախեթի թագավոր Հերակլ Բ-ի արքունական երգիչը։ Նա ստեղծագործել է ոչ միայն հայերեն, այլև տարածաշրջանի այլ լեզուներով՝ դառնալով կովկասյան մշակույթների միավորման խորհրդանիշ։ Հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից (3 × 3,75 × 0,4 մ):
Հուշարձանը սպիտակ մարմարե քարերով շարված ուղղանկյուն հուշապատ է, որը վերին հատվածի լայն բացվածքով և ստորին հատվածի շարվածքի որոշ քարերի բացակայությամբ կարծես բաժանվում է երկու հավասար մասի: Լայն բացվածքի ձախ կողմում Սայաթ-Նովայի դիմաքանդակն է, աջում՝ աղբյուրը, որից ջուրը թափվում է հուշապատի առջևի դեկորատիվ, փոքր ջրավազանի մեջ: Հուշաղբյուրի վերին աջակողմյան քարը ծածկված է Սայաթ-Նովայի բանաստեղծությունների մոտիվներով հարդարված հարթաքանդակով, որտեղ պատկերված են ազգային գլխազարդերով կանայք (հայուհի, վրացուհի, ադրբեջանուհի), և վարդեր: Գծերի սահունությունը և ռիթմիկությունը ներդաշնակում են բանաստեղծի քանդակի պլաստիկ ձևերի հետ: Նրա լայն ճակատը, կանոնավոր դիմագծերը, քարի մշակման մաքրությունն ու սպիտակ գույնը բացահայտում են սիրո անմահ երգչի թախծոտ, բայց ոգեշունչ կերպարը:
Սայաթ-Նովայի
պատկերը պայմանական է, քանի որ բանաստեղծի իրական նկարը չի պահպանվել։ Դիմաքանդակից
ներքև փորագրված են նրա հայտնի տողերը, որոնք կարծես բանալի են հուշաղբյուրի և քանդակի
խորհրդանշական համադրությունը հասկանալու համար.
ԱՄԵՆ
ՄԱՐԹ ՉԻ՛ ԿԱՆԱ ԽԸՄԻ՝ ԻՄ ՋՈՒՐԸՆ ՈՒՐԻՇ ՋԸՐԵՆ Է:
ԱՄԵՆ
ՄԱՐԹ ՉԻ՛ ԿԱՆԱ ԿԱՐԹԱ՝ ԻՄ ԳԻՐԸՆ ՈՒՐԻՇ ԳԸՐԵՆ Է:
ԲՈՒՆԻԱԹԸՍ
ԱՎԱԶ ՉԻՄԱՆԱՍ՝ ՔԱՐԱՓ Է, ՔԱՐՈՒԿԸՐԵՆ Է:
ՍԱՅԱԹ
-ՆՈՎԱ, 1753
Սայաթ-Նովայի
հուշաղբյուրի համար քանդակագործ Արա Հարությունյանը 1964 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ Գեղարվեստի
ակադեմիայի արծաթե մեդալով: