ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1974 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.120
Ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան
Քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան
Հուշարձանը նվիրված է հայ նոր ճարտարապետության հիմնադիր, ճարտարապետության ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին (1878–1936)։ Նա Երևանի գլխավոր հատակագծի (1924) հեղինակն է։ Հուշարձանը գտնվում է Թամանյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, Թամանյանի անվան պուրակի սկզբնամասում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ։
Հուշարձանի
հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1974 թ. հունիսի 26-ին։ Գորշ, հղկված գրանիտից պատրաստված
հարթակի (0,45 × 10 × 12 մ) վրա կանգնեցված է ճարտարապետի 3 մ բարձրությամբ բազալտե
քանդակը։ Թամանյանը ներկայացված է բազալտե տաշած բլոկներից կառուցված սեղանի վրա՝ խոնարհված
դիրքով՝ մինչև կրունկներն իջնող երկար շալն ուսերին: Քարերը, որոնց հենված է ճարտարապետը,
խորհրդանշում են հին (ձախակողմյան) և նոր (աջակողմյան) ժամանակաշրջանների ճարտարապետությունը,
իսկ Թամանյանը, կանգնած նրանց միջև, կարծես կամուրջ է գցում անցյալի և ներկայի միջև՝
ձևավորելով ազգային ու նորագույն ոճերի ներդաշնակ համադրությունը Երևանի քաղաքաշինության
մեջ։
Քանդակը կերտված է երկու ամբողջական քարաբեկորներից և աչքի է ընկնում վեհությամբ, հստակ ծավալով և առավելագույն լակոնիզմով։ Դեմքը վերարտադրված է դիմանկարային ճշգրտությամբ։ Գրանիտե հարթակի կողային մասում, Մոսկովյան փողոցի կողմից, փորագրված է․
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ
Հարթակի
աջ անկյունում պատկերված է Երևանի թամանյանական գլխավոր հատակագիծը (2,5 × 2,5 մ),
որի մոտ փորագրված են Եղիշե Չարենցի բանաստեղծական տողերը (1936) ՝ նվիրված մեծանուն
ճարտարապետին․
ՆԱ
ՏԵՍԵԼ Է ԵՐԵՎԻ ԱՐԵՎԱՅԻՆ ՄԻ ՔԱՂԱՔ.... ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Ամբողջ
հորինվածքը տեղադրված է բազալտե հիմքի (0,60 × 25 × 24 մ) վրա, որի աջ կողմում գտնվում
է ցայտաղբյուր։
Հուշարձանը
իր կերպարային ու հորինվածքային լուծումներով դասվում է Երևանի ամենաինքնատիպ մոնումենտալ
գործերի շարքին։