ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐ
Մ.թ.ա. VII դ., մ.թ. XIX-XX դդ.
Պետ. ցուցիչ՝ 1.7.18
Հիմնադիր՝ Վանի թագավոր Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645 թթ.)
Դալմայի այգինները գտնվում են Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի աջ ափին՝ Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների միջև ընկած ընդարձակ տարածքում:
Երևանի պտղատու
այգիների թվում Դալման ամենահինն է: Ըստ Զվարթնոցում հայտնաբերված սեպագիր արձանագրության՝
այգիները հիմնվել են Վանի թագավորության տիրակալ Ռուսա Բ-ի օրոք (մ.թ.ա. 685-645 թթ.):
Մ.թ.ա. 764-735 թթ. կառուցված Դալմայի ջրանցքը ոռոգել է Թեյշեբաինի (Կարմիր բլուր)
քաղաքի մերձակա այգիները, այդ թվում նաև՝ Դալման:
Դալմա անվանումն առաջացել
է XIX դ., պարսկերեն դեոլմե բառից, որը նշանակում է քանդվածը վերաշինել,
լցվածը մաքրել, իսկ որպես ածական՝ պեղած, ծակած, ընդերկրյա, ստորերկրյա:
Միջնադարում խափանումների հետևանքով Դալմայի ջրանցքը դադարել է գործել, այգիները մնացել
են անմշակ: 1815 թ. Երևանի վերջին պարսից սարդար Հուսեին Ղուլի խանը վերանորոգել է տվել ջրանցքը և այն մտցրել է ոռոգման ընդհանուր համակարգի մեջ: Հենց այդ ժամանակ էլ հիմնվել են նոր այգիներ, նոր թափ են ստացել խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ: Այստեղ է գտնվել նաև սարդարի
տաղավարը (беседка), որն այն ժամանակների Երևանի տեսարժան վայրերից էր, և որի մասին
հիացմունքով է խոսում կոմսուհի Պրասկովիա Ուվարովան: Երևանի այգիների, մասնավորապես՝
Դալմայի մասին, տեղեկություններ են հաղորդում Ղևոնդ Ալիշանը, Երվանդ Շահազիզը, եվրոպացի
ճանապարհորդներ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեն, Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորը, ցարական
պաշտոնյա Իվան Շոպենը և այլոք:
Դալմայի այգու
կեսը զբաղեցնում էին զանազան մրգատու ծառերը, մյուս կեսը լայն ծառուղիներ էին՝ երկու
կողմում բարդիներով: Զառիթափերին մշակվում էին խաղողի 80 տեսակ, ինչպես նաև՝ թթի, ծիրանի,
խնձորի տասնյակ տեսակներ: Դալման հնում զբաղեցրել է հսկայական տարածք։ Սկիզբ առնելով
Ծիծեռնակաբերդի բլրից՝ ձգվել է մինչև Զվարթնոց: XIX դ. ունեցել է 790 հա, որից 533
հա բուն այգու տարածքն էր: Մինչև 2000-ական թվականները զբաղեցրել է 530 հա տարածք,
որից այժմ պահպանվել է մոտ 290 հա: Դալմայի այգիները կենսաբազմազանությամբ և հինավուրց
պատմամշակութային հուշարձաններով հարուստ, 2700-ամյա պատմություն ունեցող հնագիտական
համալիր է: Այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն Երևան քաղաքի, այլև՝ Հայաստանի
խաղողագործության և գինեգործության մշակույթը արտադրական կառույցների (հնձան, մառան)
ճարտարապետությունն ուսումնասիրելու առումով: Այգու արժեքներից է մինչ օրս պահպանված
թմբային խաղողագործությունը, որի շնորհիվ առկա են խաղողի տեղական տեսակներ: Հայտնի
է, որ տարվա որոշակի ժամանակաշրջանում՝ գարնանից մինչև ուշ աշուն տևող այգեգործական
աշխատանքների շրջանում, Դալմայում նաև բնակվում էին: Այդ մասին են վկայում տնտեսական
շինություններին կից կառուցված բնակելի տների մնացորդները:
1931 թ. սկսած՝
Դալմայի այգին պատկանել է Շահումյանի շրջանի կոլեկտիվ տնտեսությանը: Հայաստանի անկախացումից
հետո՝ 1990-ական թթ., տեղական իշխանությունները այգիները վարձակալությամբ հանձնել են
անհատ հողօգտագործողներին: Մինչև 2000 թ. ընդգրկված է եղել ՀՀ բնության հուշարձանների
պետական ցանկում՝ 790 հա պահպանական տարածքով: 2004 թ. ՀՀ կառավարության որոշմամբ Դալմայի
այգիների 150 հա տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ: Դրանից հետո սկսվել է այգու
արագ յուրացումը: Կառուցվել են «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը, բնակելի թաղամաս,
ավտոմայրուղի (Մոնթե Մելքոնյանի փողոց), «Երևան պարկ» ընտանեկան ժամանցի և զվարճանքի համալիրը և այլն: Կառուցապատման աշխատանքներն այսօր էլ շարունակվում
են՝ մեծ վնաս հասցնելով Դալմայի պատմամշակութային դիմագծին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան