ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ


Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհվել են Օսմանյան Թուրքիայի (Օսմանյան կայսրության) ամբողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած ցեղասպանության ժամանակ:


1967

Պետ. ցուցիչ` 1.6.106
Ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան
Քանդակագործ՝ Վանիկ Խաչատրյան (Վան Խաչատուր)

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը  1967 թ. ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, դարձել է Երևանի ճարտարապետության անբաժանելի մասը: Գտնվելով բարձունքում և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` հուշահամալիրը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ է շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են ցեղասպանությունը վերապրած ազգի ոգին: Հուշահամալիրի ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը:

Հուշահամալիրը կառուցվել է  Խորհրդային Հայաստանի կառավարության` Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի առթիվ ընդունված որոշման համաձայն: Միջոցառումների կազմակերպման և հուշահամալիրի կառուցման նախաձեռնողը ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յակով Զարոբյանն էր: Բացումը կատարել է ՀԿԿ ԿԿ նորանշանակ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, 1967 թ. նոյեմբերի 29-ին:

Շինարարությունն իրականացրել է «Երքիմշին» տրեստը: Աշխատանքները ղեկավարել է Արտուշ Օրդուխանյանը:

Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ (երկարությունը՝ 100 մ), որի վրա փորագրված են Թուրքիայի հայաշատ այն բնակավայրերի անունները, որտեղ կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներ և տեղահանություններ, Հավերժության տաճար՝ 12 մույթերով ու անմար կրակով (մույթերի բարձրությունը ներսից՝ 9 մ, արտաքինից՝ 7 մ), «Վերածնված Հայաստան» հուշասյուն, որը հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող երկմաս կոթող է 40 մ բարձրությամբ:

Հուշահամալիրի կազմի մեջ են մտնում նաև Հայոց ցեղասպանության թանգարանը (1995, ճարտարապետներ` Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան, Լյուդմիլա Մկրտչյան, քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան), «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը» հուշասյունը (2002), «Մոխիրներից հառնած մայրը» քանդակը (2002, քանդակագործ՝ Ռուստամ Ավետիսյան, կրկնօրինակը նվիրաբերվել է Էսքիջյան և Լազարյան ընտանիքների կողմից (ԱՄՆ), բնօրինակը պահվում է Լոս Անջելեսի «Արարատ Էսքիջյան» թանգարանում) և այլն:

1988-1990 թթ. հուշահամալիրի տարածքում տեղադրվել են Ադրբեջանի Սումգայիթ (1988), Կիրովաբադ (Գանձակ, 1988) և Բաքու (1990) քաղաքներում հայկական կոտորածների զոհերին նվիրված խաչքարեր: 1990-1992 թթ. հուշապատի դիմաց ամփոփվել են հայ-ադրբեջանական կռիվերի ժամանակ զոհված հինգ ազատամարտիկների՝ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի (1961-1990), Սամվել Գևորգյանի (1950-1992), Էդիկ (Էդուարդ) Մարկոսյանի (1946-1990), Մուշեղ Մխոյանի (Վոժդ, 1951-1991) և Երվանդ Սաղումյանի (1958-1990) աճյունները:

1996 թ. հուշապատի հետնամասում ամփոփվել են օտարազգի հասարակական, քաղաքական, գիտության և մշակույթի այն գործիչների շիրիմներից վերցված հողով լի սափորները, որոնք իրենց ձայնն են բարձրացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության և թուրքական իշխանությունների վայրագությունների՝ Անատոլ Ֆրանս (ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր), Արմին Վեգներ (գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս), Յոհաննես Լեփսիուս (գերմանացի արևելագետ, հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր), Ֆրիտյոֆ Նանսեն (նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, Ազգերի լիգայում փախստականների հարցով գլխավոր լիազոր), Մարիա Յակոբսեն (դանիացի միսիոներուհի, բժիշկ, աչքի է ընկել հայ որբախնամ գործունեությամբ) և այլք:    

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Հայոց ցեղասպանությանը նվիրված լավագույն հուշահամալիրներից է, ուր 1968-ից սկսած՝ ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են հարյուր հազարավոր հայեր Հայաստանից և սփյուռքի տարբեր գաղթօջախներից՝ ոգեկոչելու  հայոց անմեղ զոհերի հիշատակը: Հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիր են այցելում նաև արտասահմանյան տարբեր երկրների պաշտոնական պատվիրակություններ:


Ծիծեռնակաբերդի խճուղի 8