ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԵՐԳՈՂ ՇԱՏՐՎԱՆՆԵՐ


1953, 1970


Շատրվաններով ջրավազանը՝ 1953
Ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան
Գունաձայնային շատրվանները՝ 1970
Հեղինակ՝ ռադիոտեխնիկ Աբրահամ Աբրահամյան
ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1978

Երևանի գլխավոր՝ Հանրապետության (նախկինում՝ Լենինի անվան) հրապարակի շատրվաններով մեծ ջրավազանը կառուցվել է 1953 թ.՝ Հայաստանի պետական պատկերասրահի և պատմության թանգարանի դիմաց՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի հանձնարարությամբ և ճարտարապետներ Մարկ Գրիգորյանի ու Էդուարդ Սարապյանի նախագծով:
Գունաձայնային շատրվանները կառուցվել են Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ (նախագահ՝ Գրիգոր Հասրաթյան), Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Հեղինակն է ռադիոտեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Աբրահամյանը, ով 1969 թ. Խարկովից տեղափոխվել էր Երևան և գիտամանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվում էր նաև մայրաքաղաքի հուշարձանների գեղարվեստական լուսավորության խնդիրներով: Նրա ղեկավարությամբ աշխատող մասնագիտական խումբը (ճարտարագետներ Յուրի Ղազարյան, Ռոբերտ Միրզոյան, Ալբերտ Կաժոյան և ուրիշներ) մշակել է գույնի, երաժշտության ու ջրի համադրությամբ «երգող-պարող» շատրվանների նախագիծը՝ օգտագործելով ռադիոէլեկտրոնիկայի, ավտոմատիկայի, լուսային տեխնիկայի բնագավառի այդ ժամանակաշրջանի վերջին գիտական ձեռքբերումները: Մտահղացման հիմքում երաժշտությունն էր, որով պայմանավորվում էին շատրվանների գույները, ձայնի ուժգնությունը, ջրի շիթերի բարձրությունը:
«Երգող» շատրվաններն առաջինն էին և աննախադեպ երևույթ էին ԽՍՀՄ-ում: Եվ պատահական չէ, որ երկրում մեծ էր հետաքրքրությունը դրանց հանդեպ: Խումբը պատվերներ է ստանում ԽՍՀՄ տարբեր քաղաքներից, որից հետո շատրվաններ են կառուցվում Մոսկվայում, Բաթումիում, Սոչիում, Խարկովում և այլուր: Երևանի քաղխորհրդի որոշմամբ Աբրահամյանի ստեղծագործական խումբը երկրորդ «երգող» շատրվանները կառուցել է Սուրեն Սպանդարյանի (այժմ՝ Գարեգին Նժդեհի) անվան հրապարակում (մինչև 1975):
1976 թ. «երգող» շատրվանների երևանյան գործող մոդելը ներկայացվել է Բուենոս-Այրեսի ցուցահանդեսում և արժանացել բարձր գնահատականի: 1978 թ. Աբրահամյանի թիմը ստացել է գիտության և տեխնիկայի բնագավառում ՀԽՍՀ պետական մրցանակ:
Կառուցումից հետո «երգող» շատրվանները մի քանի անգամ վերակառուցվել և արդիականացվել են, ընդարձակել են շատրվանների ֆունկցիոնալ հնարավորությունները։
Խորհրդային տարիներին շատրվանները գործել են ապրիլ ամսից մինչև նոյեմբերի 29-ը` Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: Այժմ գործում են ապրիլից մինչև նոյեմբերի սկիզբ: «Երգող» շատրվանների շնորհիվ հրապարակը միշտ եղել  և մնում է մարդաշատ, երևանցիների և զբոսաշրջիկների ժամանցի սիրելի վայրերից մեկը, որտեղ մինչև ուշ գիշեր կարելի է վայելել գունավոր լույսերի և ջրի ուղեկցությամբ ընթացող գեղեցիկ ու բազմաժանր երաժշտություն:


Հանրապետության հրապարակ