ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԿՈՆԴԻ ՄԶԿԻԹ


Համալիրը հետաքրքիր է որպես Երևանում պարսկական ճարտարապետության հուշարձան՝ պաշտամունքային շինության տիպ: 1687


Պետ. ցուցիչ՝ 1.6.229
Կառուցող՝ Հաջի Նովրուզ Ալիբեկ

Գտնվում է Կոնդի բարձունքի հարավային մասում՝ Ռուսթավելու փողոցի սկզբնամասի բնակելի խիտ կառուցապատված հատվածում: Մզկիթը կառուցել է Հաջի Նովրուզ Ալիբեկը 1687 թ., պարսից տիրապետության օրոք: Համալիրը ներկայացված է Երևանի 1906-1911 թթ. գլխավոր հատակագծում, որը կազմել է ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը:
Խորհրդային տարիներին մզկիթի տարածքում բնակություն են հաստատել մի քանի ընտանիքներ, որոնց կատարած բազմաթիվ վերակառուցումներն ու փոփոխությունները խաթարել են մզկիթի նախնական տեսքը և ծավալահատակագծային կառուցվածքը: Այսօր էլ այն բնակեցված է:
Կոնդի մզկիթն ուղղանկյուն, լայնատարած ներքին բակի շուրջը հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող համակառույց է, որում գերիշխում է մզկիթի շենքը` գմբեթով: Կառույցները տեղաբաշխված են բակի պարագծով` ըստ հատուկ գործառնական նշանակության: Արևելյան և արևմտյան կողմերում գրեթե միանման, երեքական, 4.3 x 3.4 մ չափերով խցերն են: Հյուսիսային և հարավային կառույցներն ունեցել են պաշտամունքային բնույթ, այն տարբերությամբ, որ առաջինը նախատեսված է եղել աղոթքների համար ձմռանը, իսկ երկրորդը` ամռանը: Պաշտամունքային կառույցը բաղկացած է երեք, իրար հետ փոխկապակցված մասնաշենքերից (որոնցից իշխողը միջինն է` գմբեթակիրը), ինչպես նաև` թաղածածկ սրահներից, որոնք կցված են առաջինին արևելքից և արևմուտքից: Մզկիթը հարավային պաշտամունքային ծավալների խմբի երկու կողմում ունի երկու մուտք` արևելքից և արևմուտքից: Ընդ որում, առաջին բացվածքի և դեպի բակ ելքի միջև երկու դեպքում էլ կան միջանկյալ անցասենյակներ: Արևելյան և արևմտյան բնակելի շինությունները բաղկացած են վեց միանման կառույցներից: Շինանյութը թրծված աղյուսն է: Գմբեթները զարդարված են սև, մոխրագույն և դեղին հախճասալիկներով: Հարավային գմբեթը և նրան կից թաղերն ավերված են: Պատերն ունեն ճաքեր:


Ռուսթավելու փողոց