ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում ներկայացված են Երկրորդ Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի մասնակցությանը և Արցախյան ազատագրական պատերազմին վերաբերող փաստավավերագրական նյութեր:
1970
թվականին, ի նշանավորումն Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 25-ամյակի՝ բացվում է
«Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին» թանգարանը։ 1995 թվականին
այն վերանվանվում է «Մայր Հայաստան» ռազմական թանգարան և անցնում ՀՀ ՊՆ ենթակայության
ներքո։
Թանգարանը
տեղակայված է «Մայր Հայաստան» հուշահարձանի պատվանդանի ներսում:
Մայր
Հայաստանի հուշահամալիրը կառուցվել
է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում
խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակի օրը` 1950 թ.-ի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում:
Հուշահամալիրի
հեղինակը անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Հուշահամալիրում տեղադրված է եղել
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրությամբ
պղնձե արձանը։ 1961 թ.-ին արձանը հանվել է, իսկ 1967 թ.-ին նույն պատմանդանին տեղադրվել
է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր
բարձրությամբ «Մայր Հայաստան» պղնձե արձանը: Քանդակագործին հաջողվել է կապ ստեղծել
նոր քանդակի և հին պատվանդանի միջև ինչպես կոմպոզիցիայի, այնպես էլ դեկորատիվ դետալների
միջոցով։ Ստալինի քանդակի պահպանված բեկորները (աչք և կոշիկ) օգնել են նրան հավասարակշռություն
գտնել հին և նոր հուշարձանի չափերի միջև։
Մայր
Հայաստանի հուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով,
ընդհանուր բարձրությունը 51 մետր է, քանդակինը` 22 մետր, սրի երկարությունը` 11 մետր։
Պատվանդանը, ի հակադրություն արտաքին ուղղանկյուն ձևի, ներսից հայկական գմբեթավոր եռահարկ
եկեղեցի է և հիշեցնում է Էջմիածնի նշանավոր Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (7-րդ դար)։ Հուշահամալիրը կառուցված է տարբեր երանգների
սև տուֆով։ Նախշազարդ կամարներն ու խոյակները և պղնձե դուռը մեծ շուք են հաղորդում
կոթողին, իսկ 4 անկյունների բարձրադիր բաց պատշգամբներից երևում է մայրաքաղաքի ողջ
համայնապատկերը։
Պատվանդանի
շուրջ խորհրդային զինատեսակների տարբեր նմուշներ են ցուցադրված։ Դրանց թվում են զրահապատ
հետևակային մեքենա, զրահամեքենա-152, Т-34 տանկ, МиГ-19 ինքնաթիռ, Կատյուշա БМ-13,
76 մմ զենիթային գնդացիր, С-75 զենիթային հրթիռ համակարգ:
Հուշահամալիրի գաղափարական ընդհանուր մտահղացման մաս են կազմում նաև «Անհայտ զինվորի գերեզմանը», դեպի այն տանող «Հերոսների պուրակը», ինչպես նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանին և ռուս սահմանապահներին նվիրված ծառուղիները։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանն ունի ավելի քան 30 000 ցուցանմուշ: Ցուցադրությունը կազմված է երկու հիմնական մասից՝ «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմին» և «Արցախյան ազատագրական պատերազմ»։
Առաջին
հարկում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների, նրանց ռազմերթերի
մասին նյութեր, ինչպես նաև` մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական իրերը:
Երկրորդ
հարկի ցուցասրահում ներկայացված է Արցախյան պատերազմի վավերագրությունը` փաստաթղթեր,
լուսանկարներ, մարտական գործողությունների նկարագրական նյութեր:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից ուրբաթ՝ 10:00-17:00
Շաբաթ-կիրակի՝ 10:00-15:00
ՄՈՒՏՔ
Մուտքը՝ անվճար