ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ
XVIII դ. վերջ
Պետ. ցուցիչ՝ 1.12.15.1
Կառուցող՝ Պարոն Ապով
Տունը գտնվում է Քանաքեռի 2-րդ փողոց, 4 հասցեում՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համալիրում:
Աբովյանների տոհմական տունն է` կառուցված XVIII դ. վերջին, հայ մեծ լուսավորիչ, գրող, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանի պապի՝ պարոն Ապովի ձեռքով: Այստեղ ապրել է Աբովյանների
մի քանի սերունդ: 1805 թ. այստեղ է ծնվել Խաչատուր Աբովյանը:
Վերակառուցվել և տուն-թանգարանի է վերածվել ՀԽՍՀ
ժողովրդական կոմիսարների խորհրդի 1938 թ. ապրիլի 25-ի
որոշմամբ։ Թանգարանը
գործել է 1939 թ. նոյեմբերից։
Տունն ուղղանկյուն հատակագծով, հյուսիս-հարավ ուղղվածությամբ միահարկ շենք է՝ բաղկացած երեք սենյակից (հյուրասենյակ, թոնրատուն, մառան) և հարավային կողմի պատշգամբից: Ծածկը հարթ է, փայտե հեծաններով: Պատերը շարված են կոպտատաշ քարով:
1948, 1953, 1964 թթ. կատարվել են վերականգնման աշխատանքներ` պատերը ներսից սվաղել են, ամրացրել են ծածկը և պատերի հիմքերը, վերանորոգել են պատշգամբը (այստեղի մուտքը փակվել է և բացվել է մուտք արևմտյան ճակատից, ինչպես հին նկարներում է) և այլն: Վերակառուցումներին գործուն մասնակցություն են ունեցել հնագետ, պատմաբան Մորուս Հասրաթյանը, ազգագրագետներ Դերենիկ Վարդումյանը և Վարդ Բդոյանը, ճարտարապետ Լիպարիտ Սադոյանը, գրականագետ Ռուբեն Զարյանը, գրականագետ-աբովյանագետ Պիոն Հակոբյանը, ինչպես նաև՝ Խ. Աբովյանի թոռնուհին՝ Վիկտորիա Աբովյանը:
1978 թ. կառուցված թանգարանի նոր շենքով (ճարտարապետ՝ Լիպարիտ Սադոյան) հայրական տունն առնվել է ծածկի տակ:
Հիմնանորոգվել է նաև 2005 թ.:
Աբովյանների տոհմական տունը հյուընկալ օջախ է եղել տարբեր ազգի, դավանանքի ու մասնագիտության տեր մարդկանց համար: Այցելուների թվում են եղել գիտնականներ, գրողներ, պետական գործիչներ՝ Ֆրիդրիխ Պարրոտը, Հերման Աբիխը, Ավգուստ ֆոն Հաքստհաուզենը, Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյանը, Ռափայել Պատկանյանը, Կոմիտասը, Նիկողայոս Մառը, Լեոն, Հովհաննես Թումանյանը, Ասքանազ Մռավյանը, Աղասի Խանջյանը և ուրիշներ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան