ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱՂԹԱՆԱԿ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՄՈՒՏՔԸ - ՀԱՂԹԱԿԱՄԱՐ


1983


Պետ. ցուցիչ՝ 1.12.10.5
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան

Հաղթանակի զբոսայգու հաղթակամարի տեսքով մուտքը  հուշահամալիրի վերջին կառույցն է՝ կառուցված  նախկին արևմտյան պարսպապատի մեջ: Գտնվում է Ազատության պողոտայում: Մուտքը կառուցվել է Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, նրա մահից 10 տարի անց՝ 1983 թ.: Ռաֆայել Իսրայելյանը կազմել է էսքիզները, իսկ որդին՝ ճարտարապետ Արեգ Իսրայելյանը, ամբողջացրել է նախագիծը և ղեկավարել շինարարությունը։

Հաղթակամարի ուղղանկյուն հիմքով մույթերն իրար են միանում քառակամարով և ճակտոնով: Հորինվածքում օգտագործվել են ազգային ճարտարապետության ձևերն ու զարդարվեստի մոտիվները: Սյուների արևելյան (այգու կողմից) և արևմտյան (դիմային, պողոտայի կողմից) ճակատները ջլատված են հովհարաձև ավարտ ունեցող եռանկյունաձև խորշերով: Ճակտոնի դիմային մասում քանդակված են հուշկապարիկներ, նրանց մեջտեղում՝ սուր և արև, ավելի ներքև՝ առյուծ և վիշապ, բուսական զարդագոտիներ: Արևելյան ճակատին խաղողաքանդակներ են, արծվաքանդակներ, մուրճ ու մանգաղ, բուսական զարդամոտիվներով հարդարված զարդագոտիներ: Այս ճակատի վերին աջ կողմում ճարտարապետի անվան և ազգանվան սկզբնատառերն են:

Կառուցված է դարչնագույն տուֆից, քարերը շեղանկյուն են: Աչքի է ընկնում սլացիկությամբ ու վեհությամբ:

 


Ազատության պողոտա