ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇԵՆՔ: ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ-ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ


1928 թ.


Պետցուցիչ՝ 1.6.79

Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

Գտնվում է Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկի հյուսիսարևելյան անկյունում` Օղակաձև զբոսայգու հարևանությամբ:      

Հիմնադրվել է 1928 թ. հունիսի 28-ին որպես անասնաբուժական-մանրէաբանական ինստիտուտ: Նույն թվականի օգոստոսին կատարվել է ուսանողների առաջին ընդունելությունը, իսկ նոյեմբերի 8-ին՝ հանդիսավոր բացումը:

1930 թ. Երևանում ստեղծվել է Անդրկովկասյան անասնաբուծական ինստիտուտը:

1931 թ. հոկտեմբերի 25-ին ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի և Անդրկովկասյան Ֆեդերացիայի Կենտրոնական գործադիր կոմիտեի համատեղ նիստի որոշմամբ երկու ինստիտուտները միավորվել են, և ստեղծվել է Երևանի անասնաբուծական- անասնաբուժական ինստիտուտը: Հիմնադիրներն են պրոֆեսորներ Բ. Մասինոն (առաջին ռեկտոր), Ս. Սմիրենսկին, Ա. Քալանթարը, Ա. Թամաշևը, Բ. Միխայլովը, Մ. Համբարյանը, Ա. Մաղաքյանը:

Սկզբից ինստիտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ անասնաբուժական (1928) և անասնաբուծական (1931): Հետագայում բացվել են նորերը՝ կաթի և կաթնամթերքների ինժեներատեխնոլոգիական (1961), մասնագետների որակավորման բարձրացման (1965), հասարակական մասնագիտությունների (1969): 1971 թ. բացվել է նախապատրաստական բաժինը: 1932 թ. ինստիտուտին առընթեր հիմնվել է հեռակա ուսուցման ինստիտուտը, որը 1950 թ. վերակազմավորվել է հեռակա ուսուցման ֆակուլտետի: Ունի հարուստ գրադարան և տպարան (հիմնադրվել է 1946 թ.):

ՀՀ Կառավարության 1994 թ. հուլիսի 7-ի որոշմամբ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում կազմավորվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը ՀՀ Կառավարության 2005 թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1597 որոշմամբ վերանվանվել է Հայաստանի պետական ագրարային համալսարան, իսկ 2012 թ. հուլիսի 14-ի թիվ 872 որոշմամբ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

Ինստիտուտի գլխավոր, եռահարկ մասնաշենքի կառուցման տեղը որոշվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924 թ. մշակած Երևանի առաջին գլխավոր հատակագծով: Նախագծումն ու շինարարական առաջին աշխատանքներն սկսվել են 1928 թ., ապա Գետառի ուղղությամբ Թամանյանը կառուցել է հիմնականի հետ համահունչ երկրորդ մասնաշենքը: Հետագայում ինստիտուտի տարածքում կառուցվել են օժանդակ շենքեր: Նոր բարձրահարկ մասնաշենքը կառուցվել է 1970 թ.:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Նալբանդյան փող. 128