ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔ (ՆՈՐՔԻ ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑ)
1860 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.9.4.8
Գտնվում է հին Նորքում՝ Սերո Խանզադյան փողոց, 74 հասցեում։
Նորքի ծխական առաջին դպրոցը՝ տղաների ուսումնարանը, հիմնվել է 1860 թ․, Սբ Սիմեոն եկեղեցու գավթի հարավային կողմում՝ ավագ քահանա Պողոս Տեր-Ավետիսյանի նախաձեռնությամբ։ 1866 թ․ Նորքում բացվել է իգական դպրոց։ 1877 թ․ նորքեցի հարուստ Մովսես Հարությունյանը, ի հիշատակ իր կնոջ, գավթի հյուսիսային կողմում կառուցել է Սուրբ Շողակաթ անվամբ օրիորդաց դպրոցի նոր շենք։ Վերջինս 1880 թ․ իր մեջ միավորել է նաև արական դպրոցը՝ աշակերտների թիվը հասցնելով 110-ի: Դպրոցն ունեցել է հարուստ գրադարան, ուր 1880-ական թթ․ վերջերին եղել է մինչև 2000 միավոր գրականություն։
Դպրոցի շենքը գլխավոր ճակատով դեպի արևելք դիրքորոշված միահարկ կառույց է։ Բաղկացած է խառը դասավորությամբ սենյակների համակարգից, որոնց հաղորդակցությունն իրականացված է միջանցիկ դռներով։ Հյուսիսային ու հարավային պատերը խուլ են: Արևմտյան ճակատի հյուսիսային մասում կառուցված է փայտե սյուներով բաց պատշգամբ։ Կենտրոնական հատվածն ընդհանուր հարթությունից քիչ առաջ է եկած և ավարտվում է եզրապատով (պարապետ): Մուտքերը լուծված են գլխավոր ճակատի եզրային մասերից: Այս ճակատի շարվածքն իրականացված է սրբատաշ սև տուֆով, մյուս մասերում՝ կոպտատաշ քարով: Ծածկը փայտյա է, ներսի պատերին նկատելի են հարդախառն ցեխի հետքեր:
Շենքը տարիների ընթացքում կրել է փոփոխություններ, որի արդյունքում
նախապես եղած վեց սենյակները վերածվել են ութի:
Ներկայումս շենքում գործում է Հայփոստի N 11 կապի բաժանմունքը։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան